«Նախևառաջ՝ ես հայր եմ». Բեն Աֆլեքը պատմել է կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկի մասին

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքն Access-ի հետ զրույցում խոսել է հայր լինելու մասին: Երեք երեխաների աստղային հայրիկը, ի պատասխան լրագրողի՝ ժամադրման կայքերում գրանցված լինել-չլինելու մասին հարցին, ասել է, որ գրանցված չէ, սակայն գրանցված լինելու դեպքում, նկարագրության հատվածում, ամենայն հավանականությամբ, կգրեր «առաջին հերթին՝ հայր»:

«Այս պահին իմ առաջնահերթությունը հայր լինելն է և դա ինձ համար ամենակարևորն է»,- ասել է դերասանը:
47-ամյա ամերիկացի դերասանը, որը վերջերս անկեղծ հարցազրույց էր տվել ալկոհոլից կախվածության մասին, հայտնել է, որ ամբողջ ընթացքում փորձել է անկեղծ լինել իր երեխաների հետ:

«Երեխաները գնահատում են ճշմարտությունը: Եթե բաց ու անկեղծ ես նրանց նկատմամբ, նրանք կներեն քեզ քո սխաների ու սայթաքումների համար»,- ասել է դերասանը:
«Երեխաներիս հետ ինձ համար դժվարին օրերին անկեղծ եմ եղել: Առհասարակ, փորձում եմ անկեղծ լինել նրանց հետ: Դուք պետք է նախևառաջ ներեք ձեզ որպես ծնող և հիշեք, որ միշտ չէ, որ ամեն ինչ հիանալի է ստացվելու ձեզ մոտ»,- հավելել է Աֆլեքը:

Աֆլեքը և դերասանուհի Ջենիֆեր Գարներն ամուսնացել են 2005 թվականին: Զույգն ունի երկու դուստր և մեկ որդի՝ 14-ամյա Վայոլեթը, 11-ամյա Սերաֆինան և 7-ամյա Սամուելը: Զույգի ամուսնալուծության մասին լրատվամիջոցները հաղորդել են 2015 թվականի մայիսին