«Փափուկ խաղալիք»՝ նոր սիթքոմ. ֆրանսիական ֆիլմի հայկական տարբերակը՝ Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ

Արմենիա TV-ում մեկնարկել են «Փափուկ խաղալիք» աշխատանքային անվանմամբ նոր սիթքոմի նկարահանման աշխատանքները։ Սիթքոմը նկարահանվելու է ֆրանսիական «Խաղալիքը» ֆիլմի մոտիվներով։
Նոր նախագծում նկարահանվելու են բազմաթիվ հայտնի ու սիրված դերասաններ՝ Մկրտիչ Արզումանյան, Նարեկ Հայկազյան, Ծովինար Մարտիրոսյան, Անուշ Առաքելյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Էրիկ (11 տարեկան երեխա), Նարինե Ալեքսանյան, Վարուժան Մանուկյան։
Նոր նախագծի ռեժիսորը և պրոդյուսերն է Հարություն Խալաֆյանը։

ShowBiz.am-ը ներկա է եղել սիթքոմի առաջին նկարահանումներին, զրուցել նախագծում ներառված դերասանների հետ, ինչպես նաև ֆիքսել նկարահանման հրապարակում կատարվող հետաքրքիր և ուշագրավ պահերը։

Մեզ հետ զրույցում Մկրտիչ Արզումնյանը նշեց, որ սիթքոմում մարմնավորելու է գլխավոր հերոսին՝ խոսելով իր կերպարի տարբերվող ու առանձնահատուկ գծերից։
«Կերպարը, որին մարմնավորելու եմ, թիկնապահ է։ Հերոսս հայտնվում է մի անելանելի իրավիճակում, որից դրդված, ինչպես նաև ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով, սկսում է անել այնպիսի բաներ, որոնք իր հետ բացարձակ կապ չունեն»,- պատմում է դերասանը։

Հիմնական գործողությունները կատարվելու են մեծահարուստ մարդու և նրա երեխայի տանը։ “Ի տարբերություն իմ նախորդ կերպարի, որը «Ֆեյք Մամա»-ում էր, այստեղ նկարահանման մոտեցումը մի փոքր այլ է, և կերպարս էլ բոլորովին ուրիշ սկզբունքների և խառնվածքի տեր անձնավորություն է։ Կերպարիս անունը Ալբերտ է, ով շատ ուժեղ տղամարդ է և տիրապետում է կարատեի”,- մանրամասնում է Մկրտիչ Արզումանյանը։

Դերասանը նաև իր խոսքում նշեց, որ սիթքոմի համար հատուկ մարզական պատրաստվածություն չի անցել․ «Ես ամեն օր եմ մարզվում, և ի ուրախություն ինձ, շատ լավ դասավորվեց, որ իմ ամենօրյա մարզումները նպաստեցին, որպեսզի այս կերպարը կարողանամ ճիշտ և գրագետ մատուցել»։

Նախագիծը հասանելի և թույլատրելի է բոլոր տարիքային խմբերի համար։
Դերասանը վերջին շրջանում նկարահանվում է մեկ եթերաշրջան ունեցող նախագծերում և Մկոյի խոսքերով սիթքոմների երկարատևությունը չի կարող ազդել դրա դիտողականության վրա, քանի որ միայն միտքն ու գաղափարն են հեռուստադիտողին ստիպում լարված հետևել ու սպասել սերիալի ընթացքին ու դրա շարունակությանը։
Այս նախագիծը ևս կունենա մեկ եթերաշրջան։

Նոր սիթքոմում ընդգրկված է նաև թատրոնի և կինոյի դերասան Արմեն Մարգարյանը, ով ևս խոսեց իր կերպարի առանձնահակություններից և հետաքրքիր գծերից։ «Ռեժիսոր Հարություն Խալաֆյանից առաջարկ ստացա նկարահանվել նոր նախագծում։ Մարմնավորելու եմ այն մարդուն, ում երեխան ցանկանում էր ունենալ մարդկային «խաղալիքին»։ Փորձել ենք նաև արտաքինով նմանություններ գտնել իմ հերոսի հետ, և նույնիսկ առաջարկ եղավ, որ կրկին նայեմ ֆիլմը, սակայն ես հրաժարվեցի, քանի որ որքան էլ դրանք նման լինեն, ամեն դեպքում ես ցանկանում եմ իմ դերը ուրույն ու հետաքրքիր ոճով ստանալ»,- պատմում է դերասանը։

Ստողծագործական թիմի և դերասանների մասին խոսելիս Արմեն Մարգարյանը նկատում է, որ նկարահանման հրապարակում պրոֆեսիոնալ մթնոլորտ է և դերասաններն էլ շատ պատրաստված են, և այդ ամենը հաշվի առնելով՝ Արմեն Մարգարյանը կարծում է, որ ֆիլմը հաջողություն կունենա։

Նախագածում նկարահանվելու է նաև դերասանուհի Անուշիկ Առաքելյանը։ «Ես մեծ հույս ունեի, որ ի տարբերություն իմ մնացած դերերի, որոնցում ես ավելի խիստ, գործնական կնոջ տեսք ունեմ, այս մեկում ավելի հումորային կերպար կունենամ, մանավանդ որ Մկոյի կնոջ կերպարով եմ հանդես գալիս, բայց այստեղ ևս ես խաղալու եմ մի կնոջ դեր, ով աշխատում է օֆիսում, ընտանիքին նվիրված ու ամուսնուն սիրող, հավատարիմ կին է»,- մանրամասնում է դերասանուհին։

Անուշիկ Առաքելյանի հերոսուհու անունը Սուսան է․ մայր է, ում աղջիկը իր պատանեկան անհամություններով պիտի հետաքրքիր ու տարբերվող գույներ մտցնի ու զարգացնի ընտանիքում տիրող մթնոլորտն ու միջավայրը։ Այս պրոյեկտը դերասանուհու համար նորություն է այնքանով, որ նա առաջին անգամ է ներկայանալու սիթքոմի ֆորմատով։

Հեղինակ՝ Լուս Ավագյան