«Մեղքը գործում են մարդիկ, արդարությունը վերականգնում է ժամանակը». Ելենա Արշակյանը՝ «Շիրազի Վարդը» սերիալի մասին

Ելենա Արշակյանը հայտնի և սիրված հեռուստասերիալներից շատերի ռեժիսորն է։ «Շիրազի Վարդը» հեռուստասերիալը նրա պրոդյուսերական աշխատանքն է, որն արագ գրավեց հեռուստադիտողների ուշադրությունը։ Չնայած նրան, որ սերիալը նկարահանվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում, պրոդյուսերը պատմում է, որ որևիցե բարդություն կամ խոչընդոտ չի առաջացել այնտեղ նկարահանումներ կատարելիս։

Showbiz.amի հետ զրույցում Ելենա Արշակյանը պատմել է պրոդյուսերական աշխատանքի, հայկական սերիալարտադրության որակի և մրցունակության մասին և պատասխանել հեռուստադիտողներին հետաքրքրող այլ հարցերի։

-Երկու իրական պատմությունների վրա հիմնված սերիալն ավելի շատ շեշտում է 2 ազգերի տարբերությունները, թե՞ նմանությունները:

-Բոլոր ազգերն էլ յուրովի հետաքրքիր են, մանավանդ, երբ խոսում ենք երկու դարավոր մշակույթներ ունեցող ազգերի մասին։ Մեր հարևան պետության մշակույթը հարուստ, հետաքրքիր և գերող է։ Մենք մոտ մեկ տարի ուսումնասիրություններ ենք անցկացրել ու աշխատել ենք նախագծի վրա և որպեսզի ինչ-որ տեղում չթերանանք, ստացել ենք նաև մասնագիտական խորհրդատվություն՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից։ Մենք մեր առաջ ոչ թե դրել ենք նմանությունները կամ տարբերությունները ցույց տալու նպատակ, այլ մեր առաջ դրել ենք խնդիր՝ ավանդույթներն ու սովորույթները իրական և ճշմարտանման ներկայացնել։

-Այս հեռուստասերիալը հետագայում իրանական շուկային վաճառելու նպատակ կա՞: Չէ որ այդ շուկան ավելի վճարունակ է ու կարող է հետաքրքված լինել օտարերկրյա սերիալով, որտեղ պատմվում է նաև իրենց ազգի մասին:

-Ճիշտն ասած, ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել, որովհետև այդ որոշումը իմ լիազորություններից չի բխում, դրան կարող է պատասխանել «Armenia TV»-ի տնօրինությունը։

-Գլխավոր հերոսուհու կերպարը միանգամից սիրվեց հեռուստադիտողների կողմից: Բայց կա ուշադրության արժանի մի հանգամանք, որ լսել եմ շատ հեռուստադիտողներից՝ ինչու՞ է Պարսկաստանում մեծացած աղջիկը, թեև ըստ սցենարի սովորել է հայերեն, խոսում արևելահայերենով, այլ ոչ թե այն բարբառով, որը հատուկ է Պարսկաստանում բնակվող հայերին: Դա տեխնիկապես հնարավոր չէ՞ր, թե մեկ այլ մոտեցմամբ է պայմանավորված այդ որոշումը:

-Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ գլխավոր հերոսուհու ընտրությունը շատ բարդ է եղել, բայց կարծում եմ Էլենն իր վրա դրված պարտականությունը շատ լավ է կատարում։ Հերոսուհու արևելահայերեն խոսելու հանգամանքը մենք սցենարային առումով փորձել ենք ցույց տալ, սերիալում ընդգրկելով այն հատվածը, որ հերոսուհուն հայերեն է սովորեցնում Երևանից գնացած ուսուցչուհի, և քանի որ նա չի շփվել Պարսկաստանի հայ համայնքի հետ, չի խոսում նրանց հատուկ բարբառով։ Իսկ Երևանից Իրան տեղափոխված ուսուցչուհու կերպարը շարունակական է լինելու ։

-Դուք Ձեր շատ սերիալներում հանդես եք եկել նաև որպես ռեժիսոր: Այս ֆիլմում դուք միայն պրոդյուսերական մասնակցություն ունեք: Ի՞նչ եք կարծում, այս ֆիլմը իր ձեռագրով և ընդհանուր մատուցմամբ տարբերվում է այն ֆիլմերից, որոնցում բացի պրոդյուսերական աշխատանք կատարելը նաև ռեժիսորն եք Դուք եղել:

-Սերիալարտադրությունն առաջին հեթին թիմային աշխատանք է, և պետք է հավելեմ, որ մեր ռեժիսոր Քաջայր Հակոբյանը, ով բնակվել է Թեհրանում, այնտեղ ստացել կրթությունը և վարժ տիրապետում է պարսկերենին, շատ մեծ ներդրում ունի այս նախագծի կայացման գործում։ Առանց նրա օգնության այս ամենն իրոք չէր կայանա։ Իսկ ինչ վերաբերում է իմ ռեժիսորական և պրոդյուսերական աշխատանքին, ես միշտ կատակով ասում եմ, որ նկարահանման հրապարակ եմ եկել խանգարելու իմ ռեժիսորին ու նկարահանման խմբին։ Ես իրոք չեմ կարող անել միայն պրոդյուսերական աշխատանք, բայց միևնույն ժամանակ, առանց Քաջայրի նախագիծը չէր կայանա։ Ես, Անահիտը, Քաջայրը միասին ենք աշխատում և նախագիծը ոտքի կանգնեցնում։

-Դուք սերիալային կինոարտադրության մեջ վաղուց եք: Ի՞նչ եք կարծում՝ հայկական սերիալներն իրենց ոչ միայն սցենարի, այլև ձայնի և կադրի որակով հասե՞լ են անհրաժետ որակական բարձր մակարդակի: Նկատի ունեմ՝ սա այն գագաթնակե՞տն է, որին ձգտում էր մեր սերիալարտադրությունը:

-Այո, իրավացի եք, թող անհամեստություն չհնչի, բայց ես և Անահիտ Մխիթարյանը հայկական սերիալարտադրության սկզբնաղբյուրներում ենք կանգնած և այս ոլորտում նորեկներ չենք։ Դեռ 2007 թվականից սկսած միասին ենք աշխատում և արդեն այսօր շատ մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն անցել է այլ որակի և՛ տեխնիկական առումով, և՛ պատկերի որակի, քանի որ սերիալը ցուցադրվում է 4K որակով։ Բավականին լավ արդյունքներ ենք գրանցում նաև միջզգային հարթակներում։ Կարծում եմ՝ սա առաջխաղացում է ու, թեկուզ, թող լինեն փոքրիկ քայլեր, բայց դեպի լավը գնացող։

-Ձեր գնահատմամբ՝ մենք մեր սերիալարտադրության որակական առումով արդեն կարո՞ղ ենք մրցակցել մեկ այլ երկրի շուկայի հետ և, եթե այո, ապա ո՞ր երկրի:

-Առհասարակ մրցակցելը լավ բան է՝ ըստ իս։ Բայց նախ մենք պետք է մրցակցենք ինքներս մեզ հետ։ Ես պետք է մրցակցեմ իմ նախորդ սերիալների հետ, որ ավելի լավ սերիալ ունենանք, հաջորդը էլ ավելի լավը լինի։ Ու իհարկե շատ լավ ու ճիշտ է, որ Հայաստանում կան էլի սերիալարտադրողներ, ու ցանկանում եմ, որ ավելի շատ լինեն, քանզի միայն մրցակցության պայմանների դեպքում մենք կտեսնենք որակ։ Իսկ այլ երկրների հետ կապված կարող եմ նշել, որ Հայաստան բերվեց հեղինակավոր «Տեֆֆի» մրցանակը, որին արժանացավ «Արմենիա» հեռուստաընկերության արտադրանքը՝ «Պատվից առավել» հեռուստասերիալը։ Մինչ այս հայաստանյան որևիցե սերիալ չէր արժանացել այս մրցանակին, իսկ սա արդեն իսկ փաստ է, որ արտադրում ենք մրցունակ սերիալներ։

-Ամենակարևոր մեսիջը, որ փորձել եք փոխանցել այս սերիալի միջոցով:

-Սա սերիալի կարգախոսն ու գլխավոր ասելիքն է, որը բազմիցս օգտագործվել է նախագծի շրջանակներում։ Միտքը Անահիտ Մխիթարյանինն է․                                                                               «Մեղքը գործում են մարդիկ, արդարությունը վերականգնում է ժամանակը»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան