Անսպասելի և դրամատիկ ավարտ․ կայացավ «Դասարանցիները» ֆիլմի պրեմիերան - Showbiz.am

Անսպասելի և դրամատիկ ավարտ․ կայացավ «Դասարանցիները» ֆիլմի պրեմիերան

By

Այսօրվանից՝ մարտի 5-ից «Դասարանցիները» ֆիլմն արդեն հասանելի է բոլոր կինոթատրոններում։
Երեկ Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Դասարանցիները» ֆիլմի փակ պրեմիերան՝ մտերիմների և հայտնիների մասնակցությամբ։

ShowBiz.am-ը ևս ներկա է եղել ֆիլմի փակ ցուցադրությանը, խոսել «Դասարանցիներ»-ի սցենարի հեղինակ և ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի հետ, ինչպես նաև լուսանկարել պրեմիերային ներկա հայ հայտնիներին և ոչ միայն։

Ինչպես իր նախորդ նախագծերում՝ այստեղ ևս ռեժիսորն իր ֆիլմի համար ընտրել է հիմնականում նոր դեմքերի, ովքեր անծանոթ են հայ հանդիսատեսին։ «Վախ միշտ կա՝ անկախ այն այն բանից, թե ովքեր են ֆիլմում խաղում, որովհետև ֆիլմը մի համակարգ է, որում եթե թեկուզ մի դետալ պակասի, այն կարող է ձախողվել։ Բայց քանի որ ես ճանաչում էի երեխաներին, բացի այդ էլ մի մասը բավականին փորձ ուներ, դերասանների ընտրության հարցում այդքան վախ չեմ ունեցել»,- պատմում է Տիգրանը։

Պատանի դերասաններից ֆիլմում նկարահանվել են Ստեփան Հովհաննիսյանը և Օֆելյա Հարությունյանը, ովքեր խաղացել են նաև ռեժիսորի նախորդ՝ «Արթնացիր» ֆիլմում։ «Դասարանցիներ»-ում նկարահանվել են նաև Ռոբերտ Հակոբյանն ու Սահակ Դուրյանը․ վերջինս հայտնի է ռուսական մի շարք նախագծերից։ Այս նախագծում նկարահանվել է նաև հենց ինքը ռեժիսորը՝ Տիգրան Նալչաջյանը, ով իր խոսքերով՝ խաղացել է իր երազանքների ուսուցչի կերպարը։

Նոր ֆիլմը իրենից ներկայացնում է կոմեդիայի և դրամայի խառնուրդ, որում՝ ըստ Տիգրանի անպայման կլինեն հուզիչ պահեր, անգամ՝ չափազանց։

«Դասարանցիները» ֆիլմը պատմում է 11-ի Բ դասարանի մասին, որոնց դասղեկը հենց ֆիլմի սկզբում հեռացվում է աշխատանքից և կարիք է լինում գտնել նորին։ Եվ ի զարմանս բոլորի՝ աշխատանքի է ընդունվում մանկավարժության հետ կապ չունեցող մեկը (Տիգրան Նալչաջյան), ով ինչպես նախորդ դասղեկը, դուր չի գալիս աշակերտներին։ Սակայն դասղեկը կարողանում է լեզու գտնել դեռահասների հետ և նույնիսկ հանուն նրանց զոհողության է գնում, որն էլ հանգեցնում է ֆիլմի անսպասելի և դրամատիկ ավարտին։

Տիգրան Նալչաջյանը զրույցի ընթացքում նաև անդրադարձավ ֆիլմից իր սպասելիքներին ու հանդիսատեսի արձագանքին։ «Ֆիլմը դեռ դուրս չեկած բավականին մեծ հետաքրքրություն ուներ, դրա համար էլ սպասելիքները բավականին մեծ են։ Նշեմ նաև հետևյալը՝ մենք անընդհատ տարբեր դասարաններից հայտեր ենք ստանում, ովքեր ուզում են գալ և նայել մեր նոր նախագիծը։ Հետևելով Ինստագրամի և Ֆեյսբուքի մոնիթորինգներին՝ կարող եմ ասել, որ հետաքրքրությունն իրոք մեծ է։
Կա մեծ ցանկություն տեսնելու լեփ-լեցուն դահլիճներ։ Ես միշտ զգույշ եմ արտահայտվում այսպիսի հարցերում, որովհետև ես չգիտեմ՝ վաղը ինչ կլինի, բայց ակնկալիքներ իսկապես ունեմ»,- հույս է հայտնում ֆիլմի ռեժիսորը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ