Քեթի Փերրին և Օրլանդո Բլումը սպասում են իրենց առաջնեկին

Իր հղիության մասին լուրը 35-ամյա երգչուհի Քեթի Փերրին հայտնել է բավականին յուրահատուկ կերպով։ Նա ներկայացրել է «Never Worn White» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ էլ ցուցադրել է իր կլորացած փորիկը։
Շուտով ինքը՝ Փերրին, հաստատել է, որ պատրաստվում է իր առաջնեկի ծննդյանը։ Տեսահոլովակի պրեմիերայից հետո նա իր ինստագրամում ուղիղ եթեր է դուրս եկել ու պատմել է, որ շուտով ինքը և Օրլանդո Բլումը ծնողներ են դառնալու։

Քեթին խոստովանել է, որ իր հղիության մասին լուրը, հավանաբար, ամենաերկար պահված գաղտնիքն է եղել, ինչպես նաև հավելել է, որ կծննդաբերի այս ամռանը։
«Մենք հուզված ու երջանիկ ենք»,- ասել է նա։
Փերրին նաև կիսվել է, որ հղիության ընթացքում իր մոտ փոխվել են սննդային նախասիրությունները. նա սկսել է սիրել բոլոր կծու համերը և անգամ իր պայուսակի մեջ պահում է տաբասկոյի սոուս, իսկ տավարի միսը երգչուհու մոտ զզվանք է առաջացնում։

Քեթի Փերրիի համար այս փոքրիկը կլինի առաջինը, իսկ նրա 43-ամյա սիրեցյալը՝ Օրլանդո Բլումն արդեն դաստիարակում է իր 9-ամյա որդուն, ում մայրը Միրանդա Քերն է։ Փերիի հետ դերասանը հանդիպում է արդեն 4 տարի՝ չնայած նրանք որոշ ժամանակով բաժանվել էին։
2019 թվականին՝ Սուրբ Վալենտինի տոնին, Օրլանդո Բլումը երգչուհուն առաջարկություն է արել և ստացել է նրա համաձայնությունը։

Ավելի վաղ Քեթի Փերրին պատմել էր, որ արդեն պատրաստվում է հարսանիքին, սակայն խոստովանել էր, որ նախահարսանեկան խնջույքին ինքն ավելի շատ է սպասում։ «Հարցը ոչ թե խնջույքի մեջ է, այլ միասին հավաքելու այն մարդկանց, ովքեր կաջակցեն մեզ մեր կյանքի դժվար րոպեներին։ Դրանք լինելու են՝ գիտեմ։ Միշտ էլ այդպես է․ սկզբում ամեն ինչ շատ լավ է, հետո անհավանական դժվար»,- խոստովանում է երգչուհին։