«Beauty Lifestyle». Բնական հոնքերը, «nude» երանգները, և այլ թրենդերը՝ Էդիտա Քոչարյանից (+տեսանյութ)

«Beauty Lifestyle» շարքի շրջանակներում այս անգամ զրուցել ենք «Color Boom» գեղեցկության սրահի դիմահարդար-կոսմետոլոգ Էդիտա Քոչարյանի հետ։ Հատուկ Showbiz.am-ի ընթերցողների համար Էդիտա Քոչարյանը պատմել է 2020 թվականի թրենդային դիմահարդարումների, դրանց գույների, ոճային հայտնիների մասին, տվել հնաոճ երևալուց խուսափելու, գեղեցկության հնարքների, մաշկի համար նախատեսված խնամքի միջոցների մասին խորհուրդներ:

2020 թվականի գարնան ու ամառվա սեզոնի դիմահարդարման նորաոճ գույների մասին

«Ամենակարևորը մաշկը պետք է առողջ տեսք ունենա։ Այսօր թրենդային է «nude» դիմահարդարումը, երբ շեշտը դրված է մաշկի ճիշտ տոն ստանալու վրա, որպեսզի մաշկը երևա առողջ և թարմ։ Այս տարի ոչ մի արտահայտված գծեր չպետք է լինեն։ Առաջ մոդայիկ էին մուգ ընդծված հոնքերը։ Այսօր հոնքերը պետք է լինեն բնական, եթե հաստ են, ապա ոչ շատ հստակ գծերով մգեցված, այլ համապատասխան գույնով թեթև լրացված՝ այն մասերում, որտեղ դրա կարիքը կա։ Ստվերաներկերի պարագայում շատ թրենդային են վարդագույնի, շագանակագույնի, փիրուզագույնի, կանաչի, կապույտի ու մանուշակագույնի երանգները»։

Այս տարվա նորաձև դիմահարդարումները

«Ակտուալ են թե՛ անփայլ, և թե՛ փայլուն դիմահարդարումները, միայն թե գույները ճիշտ ընտրված լինեն։ Եթե շուրթերին ավելի մուգ երանգի շրթներկ է, ապա աչքերը պետք է ավելի քիչ ընդգծված լինեն, և եթե շեշտը դրված է աչքերի վրա, ապա շրթներկը պետք է լինի շատ նուրբ։ Մոդայիկ են բոլոր տեսակների սլաքները, թե՛ նուրբ, և թե՛ բարակից հաստացող և երկար տարբերակները։

Բայց եթե որոշել եք այս տարվա վարդագույնի թրենդից հետ չմնալ, ապա կարող եք բաց վարդագույնով թեթև ընգծել աչքերը և այտերը, իսկ մի փոքր այլ երանգի վարդագույնով շուրթերը, ուղղակի եթե ստվերաներկը սառը երանգի վարդագույն է, ապա շրթներկը պետք է ունենա ավելի տաք երանգ և հակառակը։ Այս սեզոնին շատ մոդայիկ են կարծես ցրտից թեթև վարդագույն տեսք ստացած այտերը։ Եվ պետք չէ խուսափել վարդագույնից, եթե թխամաշկ եք, ուղղակի պետք է մասնագետի օգնությամբ գտնեք վարդագույնի ձեր երանգը։

Այս տարի նաև նորաձև են 60-ական թվականներից եկած «կպչուն թարթիչները», երբ սևաներկը երկու-երեք շերտով քսելիս, մի քանի թարթիչ կպչում են իրար և ստեղծում «տիկնիկի աչքեր»։ Բայց այս դեպքում պետք է հիշել, որ եթե վերին կոպի վրա ստեղծել եք այդ էֆֆեկտը, ապա ներքևում արդեն պետք է հասարակ կերպով քսել թարթիչները և հակառակը»։

Ամենօրյա, երեկոյան ու հարսանեկան մոդայիկ դիմահարդարումները

«Ցանկացած դիմահարդարման դեպքում կարևորը մաշկի տոնն է, որը պետք է լինի ճիշտ ընտրված։ Ամենօրյա դիմահարդարման դեպքում ամենակարևորը բնական և թարմ տեսք ունենալն է։ Երեկոյան դիմահարդարման համար կարող եք ընտրել ավելի վառ երանգներ՝ կանաչ, կապույտ, փիրուզագույն, քանի որ դրանք նույնպես թրենդի մեջ են։ Ինչ վերաբերում է հարսանեկան դիմահարդարմանը՝ կարող եմ ասել, որ հարսի կերպարը պետք է շատ նուրբ ու եթերային լինի։ Չեմ ընդունում արտահայտված կոնտուրինգը և չափից շատ խիտ արհեստական թարթիչները հարսանեկան դիմահարդարման մեջ, քանի որ դրանք կոպտացնում են դիմագծերը։ Գույները նույնպես պետք է շատ նուրբ լինեն»։

Դիմահարդարման սխալների մասին

«Մեր աղջիկները չափից շատ են օգտագործում տոնային քսուքն ու դիմափոշին և սխալ են ընտրում դրանց երանգները։ Շատ ուժեղ արտահայտված կոնտուրինգը ևս գեղեցիկ չէ նայվում առօրյայում։ Այս տարի դիմահարդարման մեջ արտահայտված գծերն ընդհանրապես ակտուալ չեն, շատ ստվերաներկեր նույնիսկ մատներով կարելի է քսել, որպեսզի դրանք հնարավորինս տարածվեն կոպի վրա։

Շատ տգեղ են առօրյայում խիտ ու արհեստական թարթիչների լիցքերը, քանի որ դրանք ծանրացնում են կոպը ու կորցնում աչքի գեղեցկությունը։ Եթե թարթիչները նոսր են, և կարիք կա դրանք խտացնելու կամ մի փոքր երկարացնելու, ապա կան բարակ և թեթև թարթիչներ, որոնք ուղղակի կընդգծեն աչքը ու կլրացնեն բացերը»։

Եթե դիմագծերը տարբերվում են գեցեղկության ընդունված չափանիշներից․․․

«Այդ դեպքում օգնության է գալիս կոնտուրինգը, որի միջոցով հնարավոր է դառնում բաց գույնով ընդգծել առավելություններն, իսկ մուգ երանգներով ստվերներ ստեղծել և քողարկել դեմքի ոչ այնքան իդեալական հատվածները։ Կախված կոպերը կարելի է վիզուալ բարձրացնել աչքերի ծայրերին մի քանի թարթիչ ավելացնելով կամ աչքի այդ հատվածում ավելի բաց երանգի ստվերաներկեր օգտագործելով»։

Ոճային ու բնական դիմահարդարմամբ հայտնիները, որոնց կարելի է հետևել ու օրինակ վերցնել

«Գեղեցիկ ու բնական են մոդելներ Ռոզի Հանթինգթոն Ուայթլին, Թայռա Բենգսը, Քենդիս Սուեյնպոլը, Նատալյա Վոդյանովան։ Կարող եմ ասել, որ այս հայտնի կանայք՝ անկախ նրանից վառ թե բնական գույների դիմահարդարումներով են հանդես գալիս, միշտ մնում են բնական և շատ ճաշակով։ Կարծում եմ, որ կարելի է օգտվել իրենց դիմահարդարումներից ու փորձել կրկնել դրանք»։

Դիմահարդարումը հեշտացնող նոր մեթոդների և տեխնիկաների մասին

«Հիմա դիմահարդարման պրոցեսը բավականին հեշտացել է, քանի որ արտադրողը արդեն տարբեր դիմահարդարումների համար առաջարկում է հատուկ գունապնակներ, իրար հետ գեղեցիկ համադրվող երանգներով, կամ օրինակ «smokey eyes» դիմահարդարման համար՝ բացից մուգ գունային գամայով ստվերաներկեր։ Տոնային քսուքների և կորրեկտորների դեպքում ևս ընտրությունը բազմազան է։ Կան տարատեսակ քսուքներ՝ բարձր ծածկողականությամբ, յուղոտ մաշկի համար, չոր մաշկի համար և այլն։

Օրինակ, շատ խալեր կամ պեպեններ ունեցող կանանց խորհուրդ եմ տալիս օգտվել «Air make up» դիմահարդարման տեսակից։ Այդ դիմահարդարումը ոչ թե քսում, այլ փչում են դեմքին ու դրա համար կան հատուկ նախատեսված կոսմետիկ միջոցներ։ Մեզ մոտ այդպիսի դիմահարդարման պահանջարկ գրեթե չկա, բայց նորաձևության ցուցադրությունների ժամանակ շատ եմ հանդիպում հենց այդպիսի դիմահարդարմամբ մոդելների»։

Մաշկի խնամքի մասին

«Սկզբում պետք է մաքրել դիմահարդարումը դրա համար նախատեսված հատուկ նյութերի միջոցով և հետո նոր լվանալ դեմքը։ Ջուրը չպետք է տաք լինի, չի կարելի դեմքը լվանալ հասարակ օճառով, քանի որ դրանում պարունակվող նյութերը չորացնում են մաշկը։ Խորհուրդ եմ տալիս օգտագործել դեմքի հատուկ փրփուրներ, որոնց PH-ը ցածր է կամ եթե չկան բավարար միջոցներ, ապա գոնե լվանալ դեմքը մանկական օճառով։ Այդ ամենից հետո, քսել խոնավեցնող քսուք, եթե մաշկը յուղոտ է, ու սնուցող քսուք, եթե մաշկը չոր է։ Պարտադիր ուշադիր եղեք, որ ցերեկային քսուքը կամ գոնե տոնային քսուքը պարունակի SPF, որը կպաշտպանի ձեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից»։

Կարմիր շրթներկի մասին

«Կարմիր շրթներկ օգտագործելիս պետք է ուշադիր լինել ու պահպանել հստակ գծերը։ Շատերն իրենց դիմագծերի կամ մաշկի գույնի առանձնահատկությունների հետ կապված կարծում են, որ իրենց կարմիր շրթներկ չի սազի։ Դա այդպես չէ, կարմիրը սազում է բոլոր կանանց, պարզպես պետք է ուշադիր լինել երանգի ընտրության ժամանակ։ Բաց մաշկով ու մազերով կանանց սազում են կարմիրի վառ երանգները, իսկ թխահեր ու ավելի մուգ մաշկի գույնով կանանց խորհուրդ կտամ ընտրել կարմիրի մուգ և հագեցած երանգներ»։

Դիմահարդարման հնարքներ՝ ընդամենը մեկ-երկու միջոցների օգնությամբ

«Ըստ իս՝ դիմահարդարման 2 ամենակարևոր միջոցները, որ ցանկացած կին պետք է ունենա իր պայուսակում՝ դիմափոշին և շրթներկն են։ Եթե օրվա վերջում, աշխատանքից հետո հրավիրված եք ինչ-որ տեղ, շատ հեշտությամբ կարող եք առօրյա դիմահարդարումը դարձնել երեկոյան, աչքերին ընդամենը փալուն ստվերաներկ ու սլաքներ ավելացնելով։

Եթե ձեռքի տակ ունեք միայն վարդագույն շրթներկ, դա կարող եք օգտագործել նաև որպես ստվերաներկ և կարմրաներկ՝ ուղղակի այն քիչ քանակությամբ և շատ թեթև տարածելով կոպերի և այտոսկրերի հատվածում։ Նույն կերպով կարելի է օգտագործել նաև շուրթերի մատիտը։ Հայլայթերը նույնպես կարելի է քսել ոչ միայն այտոսկրերին, այլև հոնքերի ներքևի հատվածում, դա շատ գեղեցիկ հնարք է հայացքն ավելի բաց դարձնելու համար»։

Տեսանյութում Էդիտա Քոչարյանը՝ հիմնվելով մեզ տված խորհուրդների վրա, ներկայացնում է վարդագույն ամենօրյա դիմահարդարում, որն էլ ընդամենը 3-4 քայլով դարձնում երեկոյան։

 

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան