«Genesis»-ի մասնակիցները վերամիավորվել են

«Genesis» ռոք խմբի երաժիշտները հայտնել են վերամիավորման մասին և պատմել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին մի քանի համերգով հանդես կգան Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
««Genesis» խմբի հնչեղությունը մնացել է առաջվանը։ Ես կարոտում էի, և շատ լավ է կրկին նվագել միասին»,– մեկնաբանել է խմբի կիթարահար Մայք Ռեզերֆորդը։

Խմբի համերգային շրջագայությունը ստացել է «Last Domino» անվանումը։
«Սա պարզապես հրաշալի է, և՛ ժամանակն է հարմար, և՛ մենք ենք այս ամենին երկար սպասել։ Մեր հասակակիցներից շատերը հաճախ են ելույթ ունենում, իսկ մենք վերջին 28 տարվա ընթացքում միայն երկու համերգ ենք ունեցել Մեծ Բրիտանիայում»,-հավելել է Ռեզերֆորդը։

Բեմում խմբին կմիանա Ֆիլ Քոլլինզի 18-ամյա որդին՝ Նիկոլասը, ով հարվածային գործիքների վրա է նվագում։
«Նա նվագում է ինձ պես ու ունի նույն մոտեցումը։ Կարծում եմ՝ նրա համար սա լավ սկիզբ կլինի»,- ասաց Քոլլինզը։

Խումբը ձևավորվել է 1967 թվականին և մեծ հաջողություններ է ունեցել 70-ականներին։ Հատկապես, մեծ հաջողություններ է գրանցել «Genesis»-ի չորրոդ ալբոմը՝ «Foxtrot»-ը։ 1997 թվականին «Calling all stations» ալբոմի տապալման պատճառով, խումբը հայտնեց լուծարման մասին։ 2006 թվականին «Genesis»-ը միավորվել էր, որպեսզի ելույթ ունենա «Turn it on again» վերջին համերգային շրջագայությամբ։
«Last Domino» համերգների տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 6-ից։