Մավը՝ դեբյուտային ներկայացման, «Թիվ 5»-ի լուծարման և հաստավիզներին չհարմարվելու մասին

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում արդեն իր ուրույն տեղն ունի իտալացի դրամատուրգ Գասպարե Դորիի` «Փղերի երկար ուղին» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը:
Ռեժիսոր և նախկի երգիչ Մանվել Խաչատրյանի համար այս ներկայացումը դեբյուտային էր, սակայն ունեցած արդյունքներով նա գոհ է ու հպարտ։
Ներկայացման մեջ ներգրավված են Արեն Խաչատրյանը, Լիլիա Մուկուչյանը և Մանվել Խաչատրյանը: Ներկայացման բեմանկարիչը Գայանե Չոլակյանն է, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը:

Ներկայացումը պատմում է հարգանքի, համբերության, փոխըմբռնման մասին: Սա հոգեբանական դրամա է, չնայած այն կարելի է ինչպես դետեկտիվ պատմություն, այնպես էլ սենսացիա անվանել: Բեմում կան երկու տարբեր դրվագներ, որոնք առաջին հայացքից թվում են, որ կապված չեն միմյանց հետ, բայց հետո նրանց կապն ակնհայտ է դառնում: Հերոսները, ինչպես կյանքի ընթացքում, այնպես էլ կյանքից հետո, փորձում են դուրս գալ ծուղակից, որն իրենց ընծայել է ոչ միայն կյանքը, այլ նաև մահը:
Փղերին սիրող հերոսներից մեկը ասում է. «Փղերը առանձնանում են բարությամբ և իմաստությամբ: Նրանք հիանալի են զգում իրենց և՛ թիմում, և՛ մենության մեջ: Փղերի խումբը նախիր չէ, այլ ավելին է: Այն նման է փոքր համայնքի: Եվ մի օր նրանք հեռանում են՝ թողնելով իրենց տարածքը: Եվ ոչ ոք չգիտի, թե ուր են գնում: Ոչ ոք չգիտի, թե ինչու են նրանք նման որոշում կայացրել: Ոչ ոք չգիտի նրանց նպատակը: Այդպիսին են նաև մարդիկ»:

Ներկայացման մեջ տարբեր խավերի պատկանող 3 մարդ հայտնվում են մի փակ տարածքում։ Սենյակում փակվածներից մեկը հավաքարար է, ում դերը կատարում է ռեժիսոր Մանվել Խաչատրյանը, մյուսը հայտնի մաֆիոզ, իսկ երրորդը՝ հոգեբան, ով աշխատում է վնասակար սովորություններից կախվածություն ունեցող մարդկանց հետ։ Ու ինչ-որ առավոտ նրանք արթնանում են հենց այդ փակ սենյակում, որը ռեժիսորը մեկնաբանում է որպես քավարան ՝ անցում մի կյանքից մյուսը։
Եվ այս մարդիկ, ովքեր նախկինում երբեք միմյանց հետ չէին խոսի, շփման ըդհանուր եզրեր են գտնում ու հասկանում են, որ կարող են դառնալ ընկերներ։
«Սիրո և համերաշխության մասին է ներկայացումը»,- ասում է ռեժիսոր Մանվել Խաչատրյանը։


Showbiz.am կայքի հետ զրույցում մաֆիոզիի դերակատար Արեն Խաչատրյանը կարծում է, որ «Փղերի երկար ուղին»  կրիտիկական իրավիճակում գտնվող մարդկանց փոխհարաբերությունների մասին է։ «Այն պատմում է, թե որքան են սրվում մարդու բնավորության այս կամ այն գծերը, երբ իրավիճակը ծայրահեղ արտասովոր է»,- պատմում է Արենը և հավելում,- «Ներկայացման ուղերձն այն է, որ կյանքի ամենավախենալու պահերին մարդ սկսում է փնտրել իր նմաններին, որպեսզի ազատվի միայնությունից։ Հենց սրա մասին էլ ակնարկում է ներկայացման անվանումը, քանզի խոսքը չի գնում միայնակ փղի մասին։ Մարդկանց գոյատևման գաղտնիքը միասնության մեջ է։ Այսպիսի ուղերձով ներկայացումները ակտուալ են միշտ, քանի որ ի ցույց են դնում ոչ միայն մարդու ամենալավ ու ամենավատ կողմերը, այլ նաև տալիս են լավ բանաձև՝ դուրս գալու կրիտիկական իրավիճակից՝ չկորցնելով մարդկությունը»։

Արեն Խաչատրյանի կերպարը բարոյական և հոգևոր հաշմանդամ է, բարդությունների մի մեծ փնջով: Մի մարդ, ով առաջացնում է հանդիսատեսի մեջ ամենաբացասական ասոցիացիաները:

«Իմ կերպարը, «ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» նշանաբանին հետևելով, հասել է ահռելի նյութական բարձունքների՝ զոհաբերելով իր մարդկային «ես»-ը։ Եվ պատկերացրեք մյուս կերպարների զարմանքը, երբ ներկայացման վերջում նրա մեջ բացահայտվում է այդ կորած մարդկային «ես»-ը»,-պատմում է Արենը։

Դերասանը հատուկ նշում է, որ աշխատելու տարիների ընթացքում դեռ բախտ չէր վիճակվել խաղալ այսքան ակնհայտ սրիկայի կերպար։
Կերպարը կերտելիս դժվարությունների Արենը հանդիպել է, սակայն դրանք եղել են հաղթահարելի:
«Եթե կերպարը ստեղծելու ընթացքում դժվարությունների չես հանդիպում, ուրեմն պետք է փոխել ուղին։ Հենց այդ փնտրտուքների մեջ է  դերասանի գերագույն հաճույքը։ Շնորհակալ եմ ռեժիսոր Մանվել Խաչատրյանին ու հույս ունեմ, որ արդարացրել եմ նրա սպասելիքները»,- խոստովանում է  դերասանը։ 

«Ես կերտում եմ հոգեբանի դերը, ով իրականում հոգեբանական շատ խնդիրներ ունի և իրականում, ինքն էլ մասնագետի կարիք ունի։
Ռեժիսորի հետ մենք ընկերություն էինք անում դեռ ինստիտուտում․ստացվեց այսպիսի ստեղծագործական միություն ու մեծ ընկերություն։ Պիեսի մասին խոսել ենք երկար ժամանա,կ և Մանվելը որոշեց բեմադրել այն հենց այս բեմում, իսկ ես համաձայնվեցի առանց երկմտելու, որովհետև Մանվելից ավելի ստեղծագործող ու տաղանդավոր մարդ դեռ ես չեմ ճանաչում։
Ե՛վ դերս, և՛ պիեսն ինձ անչափ դուր էին եկել․ չնայած բարդ էին ու վախեցնող, բայց այդպիսով ավելի հետաքրքիր էին ինձ համար։
Կարծում եմ հիմա առավել հաճախ են սկսել բեմադրել կանանց մասին ներկայացումներ, որտեղ տղամարդ դերասաններն անցնում են երկրորդ պլան։
Միգուցե դա հարգանքի տուրք է ժամանակակից նորաձևությանը, ֆեմինիստական տրամադրությանը, սակայն այս ամենն ինձ դուր է գալիս, որովհետև կինն ամենուր է, և կարևո չէ՝ որ մասնագիտության մեջ, որ սոցիումում․ նա պետք է զբաղեցնի իր պատվավոր տեղը, որովհետև այդպես արդար է»,- պատմում է ներկայացման դերասանուհիներից Լիլիա Մուկուչյանը։

Արեն Խաչատրյանը պրոֆեսիոնալ դերասանի կարևոր հատկանիշերն է համարում անսահման համբերությունը, ֆանտաստիկ սերը աշխատանքի հանդեպ և հոգեբանական կայունությունը։
«Թատրոնի ամենակարևոր ուղենիշը միշտ եղել է հանդիսատեսին զարմացնելու, ապշեցնելու ունակությունը, հանդիսատեսի հետ ասոցիատիվ կապը պահելով՝ բեմի վրա բնականության էլեմենտը չկորցնելու ունակությունը։
Հանդիսատեսի կարծիքը հաշվի առնելը անհրաժեշտ է, սակայն այն չպետք է դիտարկել որպես ուղեցույց»,- ասում է Արենը և բացատրում, թե ինչու. «Եթե ժամանակակից հանդիսատեսի հիմնական պահանջները ուրախ, թեթև կոմեդիաներն են, որոնք ես համարում եմ բավականին դժվար ժանր, ապա դա չի նշանակում, որ դրանով պետք է սահմանափակվել։ Հանդիսատեսին պետք է առաջարկել իր համար նոր, արտասովոր, բայց հետաքրքիր տարբերակներ»։

Showbiz.am կայքի հետ զրույցում ռեժիսոր Մանվել Խաչատրյանը նաև պատմեց՝ ինչպես տարիներ առաջ տնտեսագետի մասնագիտությունից անցում կատարեց երգարվեստ, հետո թատրոն, իսկ հիմա արդեն ներկայանում է  իր սեփական բեմադրությամբ։
«Ես ծնվել եմ դերասանների ընտանիքում։ Հայրս ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Խաչատրյանն է, իսկ մայրս, ինչպես ասում էր թատերագետ Մութաֆյան Լևոնը, միակ ռուս կինն է, ով թատրոնում խոսում է հայերեն»,- պատմում է Մանվելն ու խոստովանում. «Ես միշտ խուսափում էի դերասանի մասնագիտությունից, ու համալսարան ընդունվելիս, որոշեցի տնտեսագետ դառնալ։ Սակայն բանակից վերադառնալուց հետո Գյումրու թատրոնում ընդունվեցի որպես լուսավորող ու հենց այդ ժամանակ ինձ մոտ զգացողություն առաջացավ, որ ես սխալ տեղում եմ՝ պրոժեկտորից այն կողմ, ոչ թե բեմի վրա։ Դերասանների խաղը ծարավի պես մի բան էր, ձգում էր։

Այն ժամանակ Գյումրիում հայտնի էի որպես երգիչ, «ախմախ» երգեր էի երգում, որոշեցի գալ Երևան ու սկսել իմ կարիերան»,-կատակում է Մանվելը:


Երևանում Մանվելն  ընդունվում է Երգի պետական թատրոն, որտեղ էլ, սիրահարվելով մի աղջկա, որոշում է դերասան դառնալ։
«
Հենց այդ աղջկա շնորհիվ կամ պատճառով հայտնվեցի թատերական ինստիտուտում, որովհետև իրեն դերսան էր պետք իր դիպլոմային աշխատանքում խաղալու համար։ Մի խոսքով ճակատագիր էր, անընդհատ պայքարում էի, որ չդառնամ դերասան, բայց կյանքը ինձ բերեց այդտեղ»,-ասում է  Մանվելը։

Մանվելը նաև անկեղծացավ՝ բացահայտելով, թե ինչու տարիներ առաջ լուծարվեց «Թիվ 5» երաժշտական խումբը, որը բավականին մեծ հաջողությունների էր հասել, ձեռք էր բերել երկրպագուների մի մեծ բանակ, իսկ նրանց երգերը մարդիկ հիշում են մինչ այսօր։

«Անկեղծ ասեմ՝ ինչու մենք դադարեցինք զբաղվել երգով. եկավ մի պահ, երբ հարցը հասավ նրան, որ պետք էր երգել հարսանիքներում ու երգել այն, ինչ պետք է հարսանիք կազմակերպող հաստավիզներին, ու մենք որոշեցինք մնալ մարդկանց հիշողության մեջ այնպիսին, ինչպիսին կայինք։ Ես ինձ երգիչ չեմ համարել, ու երգարվեստ երբեք չեմ վերադառնա, ինձ լավ եմ զգում թատերականի բեմում», – խոստովանեց Մանվելն ու հավելեց, որ տղաների հետ նրանք լավ ընկերներ են, ցավոք ուշ-ուշ են հանդիպում։

Ռեժիսորը նաև հայտնեց, որ արդեն սկսվել են աշխատանքերը նոր ներկայացման ուղղությամբ. շուտով թատերասերի դատին կհանձնվի Ֆեոդոր Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան