Մոսկվայում մահացած են գտել ուկրաինացի շախմատիստ զույգի

Մարտի 5-ին Մոսկվա քաղաքի Կաստանաևսկայա փողոցում գտնվող բնակարաններից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է պրոֆեսիոնալ շախմատիստուհի Ալեքսանդրա Վերնիգորայի և Ուկրաինայի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Ստանիսլավ Բոգդանովիչի դին, հայտնում է ТАСС գործակալությունը։

Ըստ նախնական տվյալների` 18-ամյա Ալեքսանդրա Վերնիգորան և 27-ամյա Ստանիսլավ Բոգդանովիչը մահացել են ազոտի ենթօքսիդից (ծիծաղեցնող գազից). նրանց գլուխներին տոպրակ է եղել:

Լրատվամիջոցների փոխանցմամբ` դեպքի վայրում աշխատում են քննիչները։

Վերնիգորան սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշում, հանդես է եկել Ուկրաինայի թիմից: Բոգդանովիչը եղել է գրոսմայստեր և շախմատի Ուկրաինայի չեմպիոն:

Լրատվամիջոցները հայտնում են, որ օրեր առաջ Բոգդանովիչը մասնակցել է շախմատի համացանցային խաղի` ներկայացնելով Ռուսաստանը և հանդես գալով Ուկրաինայի դեմ: Նշվում է, որ նրա տվյալները հայտնվել են «Միրոտվորեց» ուկրաինական համացանցային կայքի բազայում։