Marvel-ը Մեծ Բրիտանիայի մասին կոմիքսների նոր սուպերհերոսների կներկայացնի

Marvel Comics կինոընկերությունը ձևավորում է գերհերոսների նոր թիմ, որոնք կմարմնավորեն Անգլիան, Շոտլանդիան, Հյուսիսային Իռլանդիան և Ուելսը: Նրանք, սյուժեի համաձայն, պետք է փորձեն պահպանել Մեծ Բրիտանիայի միասնությունը Եվրոպական միության կազմից նրա դուրս գալուց հետո: Այդ մասին The Wall Street Journal թերթին պատմել է բրիտանացի նկարիչ և կոմիքսների ապագա շարքի հեղինակ Պոլ Գրիսթը:

Նա հարցազրույցում հայտնել է, որ նոր կոմիքսի հերոսների առաջնորդը դարձել է Բրիտանիա անունով թխահեր կինը, որը կրում է առյուծի՝ Մեծ Բրիտանիայի ավանդական խորհրդանիշի պատկերով վահան: Բրիտանիային օգնում են շիկահեր շոտլանդուհի Քելփին, վալիուհի Խորը, որը կարողանում է ձայնով լեռներ ճեղքել, և իր դեմքը թաքցնող մարդ Օձը՝ Հյուսիսային Իռլանդիայից: Թիմի հինգերորդ մասնակիցը Յունիոն Ջեկն է՝ 1970-ական թվականների կոմիքսների գործող անձ, որի հագուստը ներկայացնում է Միացյալ Թագավորության, բայց ոչ Անգլիայի դրոշը:

«Հիմնական մտահղացումն այն է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ցանկանում է գերհերոսների նոր թիմ հավաքել, որպեսզի համախմբի երկիրը Brexit-ից հետո: Դա լինելու է բոլորի համատեղ աշխատանքի օրինակը Միացյալ Թագավորությունում: Բայց իրականում ամեն ինչ չէ, որ կընթանա այնպես, ինչպես պլանավորվում էր»,- գլխավոր սյուժետային գիծը ներկայացրել է 59-ամյա Գրիսթը: Նրա խոսքով՝ թիմը մի քանի անգամ կհայտնվի պառակտման եզրին:
Նկարիչն ասել է, որ այդ պատմության սյուժեի շուրջ ինքը խորհրդածել է 40 տարի: Նա ակնարկել Է, որ պատմության մեջ կարող է հայտնվել անսպասելի շրջադարձ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Sunday Mirror թերթին տված հարցազրույցում Սիացյալ Թագավորությունը համեմատել է Marvel-ի կոմիքսների և ֆիլմերի հերոս Հալքի հետ: Ջոնսոնը կանխագուշակել է, որ իր երկիրը Եվրամիության կապանքներից կազատվի Հալքի նման:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքել է 2020 թվականի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների շուրջ երեք տարի տևած բանակցություններից հետո, հաղորդել է ТАСС-ը: