«Կինստագրամ»․ երբ հակապատկեր աղջիկները որոշում են ապրել մի հարկի տակ․ նոր սիթքոմի մանրամասները - Showbiz.am

«Կինստագրամ»․ երբ հակապատկեր աղջիկները որոշում են ապրել մի հարկի տակ․ նոր սիթքոմի մանրամասները

By

Մարտի 14-ից «Արմենիա» հեռուստաալիքով կցուցադրվի ռեժիսոր Հարութ Շատյանի և պրոդյուսեր Արա Բաղդասարյանի համատեղ նախագիծը։ «Մեկս մյուսից տարբեր, հանգիստ ու անհամբեր․․․» այսպես է սկսվում նոր սիթքոմի երգը, որն արդեն իսկ հուշում է, որ նախագծում տեսնելու ենք շատ տարբեր ու իրար հակասող կերպարների։

«Կինստագրամ» հնչեղ անվանումով սիթքոմը 24 մասից բաղկացած նախագիծ է, որը խոստանում է դառնալ պատանի և երիտասարդ հեռուստադիտողների ամենասիրելի սիթքոմերից մեկը։

Նկարահանման հրապարակում ակտիվ անցուդարձ և բարձր տրամադրություն էր տիրում։ ShowBiz.am-ը ևս այնտեղ էր ու ֆիքսել է դերասանների ու նկարահանող խմբի աշխատանքային պրոցեսը։

Պրոդյուսեր Արա Բաղդասարյանը վստահ է, որ սիթքոմը հեռուստադիտողի կողմից շատ արագ կսիրվի

«Մեր հերոսուհիներից մեկը՝ լրագրողից հինգ պակաս Անուշիկը բացում է «Կինստագրամ» էջը։ Սերիաների ընթացքում բոլոր հերոսուհիների մոտ կտեսնենք անձնական, սիրային իրավիճակներ, որոնք կհայտնվեն աղջիկների էջում՝ «Կինստագրամում»: Ամեն մեկն իր մասնագիտությանը համահունչ գրում է բլոգ, նկարում վլոգ, շատ փակգծեր չբացելով ասեմ, որ կերպարներում ունենք հոգեբան, լրագրող, դիզայներ… Սիթքոմում կա սեր, երիտասարդություն և, իհարկե, հումոր։ Բոլոր սցենարական գծերն արդիական են, կերպարները՝ վառ ու ծիծաղաշարժ, իրավիճակներ՝ դինամիկ ու զավեշտալի։ Սա նոր գրված սցենար է, այլ ոչ թե ադապտցիա կամ թարգմանություն։ Վստահ եմ, որ հեռուստադիտողները յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին անհամբեր կսպասեն սիթքոմին և սիրով կհետևեն դրա զարգացումներին։

Ռեժիսոր Հարութ Շատյանը վստահ է, որ պրոֆեսիոնալ նկարահանող խմբի և տաղանդավոր դերասանական կազմի շնորհիվ նոր սիթքոմը դառնալու է ժամանցը թեթև և ուրախ անցկացնելու լավագույն միջոցներից մեկը

«Կերպարները նոր են, չեն կրկնվում։ Թե՛ դերասանները, և թե՛ ստեղծագործական կազմը և նկարահանող խումբը այնքան սիրով են անում իրենց աշխատանքը, որ նկարահանման հրապարակում բոլորը ժպտում են, ուրախ են ու գոհ։ Վստահ եմ, որ արդյունքը կգոհացնի մեր հեռուստադիտողներին, և մարդիկ երեկոյան կմիացնեն հեռուստացույցն ու կդիտեն աշխարհի ամենածիծաղելի հեռուստանախագիծը»։

Մոդել, դերասանուհի Դիանա Տորեսը մարմնավորում է սիթքոմի գլխավոր կերպարներից մեկին՝ շահամոլ, գլամուրային Մերիին, որն ապրում է իր սիրելիի հետ՝ միայն շահից ելնելով։ Շուտով այդ տղամարդը կորցնում է իր հոր՝ ոչ այնքան արդար քրտինքով դիզած ունեցվածքը, և շահամոլ աղջիկը լքում է սիրելիին ու գնում ընկերուհիների հետ ապրելու։ Հենց այնտեղ էլ ծավալվում են գործողությունները

«Գեղեցիկ ու խնամված կերպարը ինձ հոգեհարազատ է, բայց շահից դրդված հարաբերությունները հակասում են իմ սկզբունքներին, ինձ համար կարևոր է միայն սերը։ Կադրից այն կողմ էլ մեզ մոտ շատ ջերմ մթնոլորտ է տիրում։ Սիթքոմում ունեմ հարազատ քույր, որի կերպարը ևս անչափ հետաքրքիր է, իսկ Արուս Տիգրանյանն ու Քրիստինա Եղոյանը իմ ընկերուհիներն են, որոնց մոտ էլ ըստ սցենարի տեղափոխվում եմ ապրելու, և հենց այդ տանն էլ ծավալվում են գործողությունները»:

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Յեղոյանն ասում է, որ նկարահանման հրապարակում իսկապես բոլորը միմյանց շատ լավ են վերաբերվում, ու դա միայն օգնում է ստեղծագործական աճ ունենալուն և լավ աշխատելուն։ Մինչ նկարահանումները Քրիստինան իր գործընկերուհիներից չի ճանաչել միայն Դիանային, բայց այս ընթացքում աղջիկները հասցրել են մտերմանալ։ Քիրստինան խոստովանում է, որ իսկապես շատ է սիրում իր գործընկերուհիներին։ Կինստագրամում դերասանուհին մարմնավորում է հոգեբանի կերպար, որը շատ է տարբերվում իր նախորդ դերից

«Նախորդ կերպարս, որը մարմնավորել եմ մոտ երեք տարի, բացարձակ կապ չունի ինձ հետ, թեպետ շատերը երևի կարծում էին, որ էդպիսին եմ ու հենց դրա համար եմ այդ նախագծում։ Կուրախացնեմ շատերին կամ միգուցե կհիասթափեցնեմ ոմանց՝ ասելով, որ իմ նախորդ կերպարի՝ Զառայի հետ որևէ նմանություն չունեմ։ Իսկ հոգեբանի կերպարի հետ ունեմ նմանություն՝ խստությունը։ Հոգեբան Հռիփսիմեի կերպարը ավելի հասուն և խիստ է, քան մյուս աղջիկներինը, բայց այդ ամենը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ նա չի սիրահարվում․․․ Այս դերը խաղալու առաջարկը ստանալուց և այն ընդունելուց հետո ես ցանկանում էի հնարավորինս լավ ներկայացնել այն, ու քանի որ նախորդ կերպարս շատ վառ էր, իմ առաջ նպատակ դրեցի ցույց տալ այս կերպարի առանձնահատկությունները ևս՝ նրա համար մտածելով իրեն բնորոշ ժեստիկուլյացիաներ և իրեն հատուկ գծեր։ Դերասանի համար շատ կարևոր է, որ ամեն հաջորդ դերը ավելի լավ ստացվի մարմնավորել, պետք է ձգտես ամեն անգամ գերազանցել ինքդ քեզ»։

«Կինոյի տղան» դերասան և երգիչ Գոշ Հակոբյանն է, ով մարմնավորում է բանակից նոր վերդարձած Նարեկի կերպարը

«Կերպարը, որին մարմնավորելու եմ, մի տղա է, ով ինձ հետ բացարձակ կապ չունի, նաև նշեմ, որ այսպիսի դեր չեմ էլ խաղացել։ Նարեկը բանակից նոր է վերադարձել՝ կիսաքյարթուկիսաինտիլիգենտ, կիսառաբիսկիսամոդայիկ, այսինքն՝ այսպիսի տարօրինակ բալանսի բերած երիտասարդ է։ Ու ինչպես լինում է դասական դարձած սցենարներում, Նարեկը սիրահարվում է մի աղջկա, ով էլ իր հերթին առանձնանում է իր շրջապատից»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Լուսանկարները՝ Էլեն Աբրահամյանի և Նարեկ Խաչատրյանի

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

«Gucci»-ի կարմիր խնձորներով նոր հավաքածուն․ այն նվիրված է չինական Վալենտինի օրվան

Իտալական «Gucci» ապրանքանիշը ներկայացրել է պայուսակների, հագուստի, կոշիկների և փոքրիկ աքսեսուարների մի հավաքածու, որը ոգեշնչված է Չինաստանում նշվող Սիրահարների...
Ավելին