«Ես թույլ կարող եմ լինել միայն ուժեղ տղամարդու կողքին»․ Ջուսն իր կանացի գաղտնիքների ու երազանքների մասին

«Չմտածես ոչ մի բանի մասին, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի դու լինես երջանիկ»,- Showbiz.am կայքի հետ զրույցում սկանդալային երգչուհի Ջուսը խոստովանում է, որ հենց այս խոսքերով կարող են հալեցնել իր սիրտը, սակայն դեռ չի հայտնվել այն տղամարդը, ով կարտաբերի այդ կախարդական բառերը։

Էպատաժային երգչուհին մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, ունի երկրպագուների մի ամբողջ բանակ, սակայն նա դեռ չի գտել իր սիրուն։

«Տղամարդկանցից շատերը վախենում են ինձ հասնել, իսկ ես ցանկանում եմ, որ անգամ իմ «ոչ»-ի դեպքում, տղամարդը ձգտի ու հասնի ինձ։ Բայց այդպիսի տղամարդ դեռ չեմ հանդիպել»,-պատմում է Ջուսը և հիշում իր կյանքի առաջին անպատասխան սիրո մասին, որն անչափ տպավորվել է երգչուհու մեջ ու չի մոռացվի երբեք։

«Ես մանկապարտեզում սիրահարվել էի կապուտաչյա Սերգեյին և մի օր բոլոր խաղալիքներս նվիրեցի նրան, որպեսզի նա ձեռքս բռնի, երբ դուրս գանք խաղալու։ Նա վերցրեց խաղալիքներս ու սկսեց խաղալ ուրիշ աղջկա հետ։ Դա իմ առաջին անփոխադարձ սերն էր։ Այս պատմությունը ներկայացված է իմ և Գույժի «Ստոպ» տեսահոլովակում։
Կրկին եղել են անպատասխան սերեր դպրոցական տարիքում, բայց հիմա ամեն բան փոխվել է․ հիմա ինձ են սիրում, բայց չեն կարողանում սիրտս գրավել»։

Երգչուհին նաև չի բացառում, որ անձնական կյանքի նման վիճակը գուցե պայմանավորված է կարիերայի և հայտնիության հետ։
«Կարիերան ինձ երբեք չի խանգարել,քանի որ դա իմ կյանքն է, գուցե՞ իմ կարիերան խանգարել է այն տղամարդկանց, ովքեր ցանկանում էին լինել իմ կողքին ու դրա պատճառով չկարողացան։
Ինքս կարիերայի պատճառով երբեք չեմ տուժել, այլ հակառակը՝ շահել եմ, որովհետև կարողացել եմ արտահայտել իմ էմոցիաներն ու մտքերը արվեստում»,-  մտորում է  երգչուհին։
Իսկ այն հարցին, թե ինչ մասնագիտություն նա կընտրեր, եթե ունենար երկրորդ հնարավորություն, Ջուսը պատասխանում է․«Միևնույն է կընտրեի բեմը»։

Միայնակ լինելու պատճառներից մեկը կարող է հանդիսանալ նաև այն, որ կանայք հասունանալով՝ դառնում են ավելի բծախնդիր ու պահանջկոտ։
Հաջողակ երգչուհու պահանջներն իր ապագա ընտրյալի համար քիչ չեն․ լինելով մաքսիմալիստ՝ Ջուսն իր երազանքների տղամարդուց պահանջում է լավագույն հատկանիշները․ «Իմ երկրորդ կեսը պետք է լինի բառի բուն իմաստով տղամարդ՝ ուժեղ, ազնվական, ջենթլմեն ու զգա իր կնոջը մի հայացքից։ Չթողնի, որ կինը նեղսրտի։ Թագուհու պես պահի կնոջը։ Ինձ կարող է հիասթափեցնել տղամարդու սուտ խոսելը, կնամոլությունը, անխելքությունը, կրթություն ու դաստիարակություն չունենալը, իսկ սիրահարեցնել՝ ջենթլմենությունը, սատարող լինելը»։

Երգչուհու համար պակաս կարևոր չէ նաև ապագա ամուսնու ֆինանսական կարգավիճակը․ «Աշխատավարձերը կարող են լինել տարբեր, բայց ես հարգում եմ այն տղամարդկանց, ովքեր իրենց ուժերով հասնում են հաջողության մասնագիտության կամ բիզնեսի մեջ։ Ինձ համար ֆինանսական կարգավիճակը կարևոր է, քանի որ ես երգչուհի եմ և ինձ միշտ պետք է լինում տեսահոլովակ նկարահանել, երգեր ձայնագրել, ներկայանալ նորովի։ Ե՛վ ֆինանսականն է կարևոր, և՛ սերը, և՛ հարգանքը։ Ամեն ինչ պետք է լինի»։

Չնայած մեծ պահանջներին՝ Ջուսը խոստովանում է, որ ինքն էլ իդեալական չէ, երգչուհին ժպիտով պատմում է, որն է իր «ֆիրմային ուտեստը» և տան ինչպիսի տնտեսուհի է նա։
«Օ, դա ինձ համար չէ։ Ինձնից տնային տնտեսուհի կստացվի անքան, որքան տիեզերագնաց։ Սիրում եմ համեղ ուտել, բայց պատրաստել կարող եմ հաց, պանիր, կանաչի»։

Շատ կանայք, երբ արդեն բնազդաբար ուզում են մայրանալ, պատրաստ են նաև միայնակ մայր դառնալուն, սակայն Ջուսը պնդում է, որ ինքը մաքսիմալիստ է՝  կընտրի կա՛մ ամբողջական ընտանիք, կա՛մ ոչինչ։

«Ես ուժեղ տղամարդու սիրահար եմ, ով կլինի հիանալի հայր և ամուսին»,-անկեղծանում է Ջուսը ու փորձելով իրեն պատկերացնել մոր դերում՝ ասում է․« Ես կլինեմ խիստ մայր ու կտամ ազատություն, բայց չափի մեջ։ Կսովորեցնեմ կարգուկանոնի, կպարտադրեմ լինել ճշտախոս, խոսքի տեր ու պատասխանատու»։

Հիշեցեննք, որ ընդամենը 3 տարի առաջ Ջուսն ամուսնացած էր ու երջանիկ, սակայն ճակատագիրն այնպես դասավորվեց, որ հարաբերություններն օրինականացնելուց կարճ ժամանակ անց երգչուհին ամուսնալուծվեց․ իր նախկին հարցազրույցներում Ջուսը հետաքրքիր խորհուրդ է տալիս․ «Ով ինչ ուզում է ասի, մնում եմ այն կարծիքին, որ մարդիկ մի որոշ ժամանակ՝ նախքան ամուսնանալը, պետք է ապրեն քաղաքացիական ամուսնությամբ՝ առանց իրավաբանական ձևակերպումների: Այլապես՝ մեկ ամիս հետո, ինչպես իմ պարագայում եղավ, բացահայտում են դիմացինին ու մնում փաստի առաջ»:

Ջուսը նաև ընդունում է իր թերություններն ու այն գծերը, որոնք կյանքում խանգարում են նրան շատ հարցերում․ երգչուհին աշխատում է դրանք անպատճառ շտկել։

«Չափից դուրս էմոցիոնալ լինելը ինձ միշտ խանգարել է․ ես մինչև հիմա դրա վրա աշխատում եմ, այդ հատկանիշն ինձ ժամանակ առ ժամանակ խանգարում է թե՛ նկարահանումների, թե՛ շփման ժամանակ»,-կիսվում է Ջուսը։

Իր կյանքի բոլոր իրավիճակներում՝ թե՛ ճիշտ, թե՛ սխալ գործելու դեպքում, Ջուսը հիշում է մայրիկի խոսքերը․ «Մայրս ասում էր՝ դու ամեն ինչի կհասնես ժամանակի ընթացքում։ Ու այդպես էլ եղավ։ Մայրիկս ինձ միշտ ազատություն է տվել, ու ես կարծում եմ՝ եթե աղջիկը խելացի է, ապա նա շատ ճիշտ կօգտագործի այդ ազատությունը և կդառնա ճիշտ կին»։

Միշտ ժպիտով ու դրական, ակտիվ ու էմոցիոնալ Ջուսը երբեք ցույց չի տալիս՝ ինչն է իրեն մտահոգում, խոցում, միշտ ուժեղ է ու չի պատրաստվում փոխվել․«Ես թույլ կարող եմ լինել միայն ուժեղ տղամարդու կողքին, բայց քանի որ այդպիսին դեռ չկա, պարտավոր եմ ամեն առումներով լինել ուժեղ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան