Քոբի Բրայանտի այրին ցույց է տվել հանգուցյալ մարզիկի և իրենց դստեր հիշատակին արված ահռելի որմնանկարը

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի այրին` Վանեսա Բրայանթը, Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում հրապարակել է դուստրերից մեկի՝ Նատալյայի լուսանկարը՝ ցույց տալով նաև հանգուցյալ մարզիկի և իրենց 13-ամյա դստեր՝ Ջիաննայի հիշատակին արված ահռելի որմնանկարը:

Մոտ հինգ շաբաթ է անցել Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանումից, որի հետևանքով 9 զոհերի թվում է եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանթն ու նրա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգական պատահարից հետո Վանեսա Բրայանթը հաճախ է ամուսնու և դստեր հիշատակին լուսանկարներ հրապարակում:

Այս անգամ Վանեսան հրապարակել է ամուսնու և դստեր հսկայական որմնանկարի առջև կանգնած կրտսեր դստեր՝ Նատալյայի լուսանկարը: Կինը հուզիչ որմնանկարը նկատել է Նատալյայի հետ դպրոցական միջոցառման գնալու ճանապարհին։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Քոբի Բրայանթի ուղղաթիռը Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից օդ է բարձրացել և ուղևորվել դեպի Թաուզանդ Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին։