Ռամզան Կադիրովը մեդալ է շնորհել Փարիզյան նորաձևության շաբաթվան մասնակցած դստերը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մեդալ է շնորհել Փարիզյան նորաձևության շաբաթվան մասնակցած դստերը՝ Այշաթին, գրում է lenta.ru կայքը։

21–ամյա Այշաթ Կադիրովան «Չեչնիայի Հանրապետության առջև ունեցած ձեռքբերումների» համար մեդալի է արժանացել։
Կադիրովային մրցանակը հանձնել է Չեչնիայի կառավարության ղեկավար Իբրահիմ Զաքրիևը։

Նորաձևության ցուցադրությունը նվիրված է եղել Այշաթ Կադիրովայի ղեկավարած Firdaws բրենդի տասնամյակին: Հավաքածուն ներկայացվել է «Սիրո պատմություն» խորագրով և ցուցադրվել է փետրվարի 25-ին՝ փարիզյան Le Marois հյուրանոցում:

Հաղորդվում է, որ բացի նորաձևության ցուցադրությունից, միջոցառմանը ելույթ են ունեցել Չեչնիայից ժամանած երաժշտական և պարային խմբեր: Միջոցառումը նվիրված է եղել չեչեն ժողովրդի մշակույթին, ազգային ավանդույթներին և կոլորիտին:

Այշաթ Կադիրովան իր հերթին նշել է, որ Firdaws ապրանքանիշի հավաքածուների հիմքում հենց ազգային ավանդույթներն են։