«Coachella 2020»․ աշխարհի խոշորագույն երաժշտական փառատոնը կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցող ամենամյա «Քոաչելա» երաժշտության և արվեստի փառատոնը, որն իր տեսակով խոշորագույնն է աշխարհում, երկրում տարածվող կորոնավիրուսի պատճառով կհետաձգվի, գրում է rollingstone.com կայքը։

Ամենամյա փառատոնը ծրագրված էր անցկացնել ապրիլի 10–12 և 17–8–ն ընկած ժամանակահատվածում։
Նշվում է, որ «Քոաչելա»-ն և դրա քույր «Սթեյջքոուչ» փառատոնն ամեն տարի մոտ 1,4 միլիարդ դոլարի եկամուտ են ապահովում։ Փառատոններն ամեն տարի այցելում է մոտ 250․000 մարդ։

Նշվում է, որ մի շարք կատարողների մենեջերերը բանակցությունների մեջ են եղել փառատոնը հետաձգելու հարցով։
Փառատոնի տնօրինությանը մոտ մի աղբյուրի փոխանցմամբ՝ «Քոաչելա» փառատոնի հետաձգման լուրն արդեն հաստատվել է, սակայն հավելյալ մանրամասներ չեն ներկայացվել։

Մեկ այլ աղբյուրի համաձայն էլ՝ բանակցություններն ու քննարկումներն այս հարցի շուրջ դեռևս շարունակվում են, և որևէ հիմնավոր որշում դեռևս չի կայացվել։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակման դեպքերի քանակը արդեն գերազանցել է 700-ը:
Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան հարյուր երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում ավելի քան 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։