«Ամեն կերպ փորձել ենք չանդրադառնալ Թրամփին». Բոնդի մասին նոր ֆիլմում խոսվում է նաև քաղաքականությունից (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Դենիել Քրեյգը հայտնվել է GQ ամսագրի ապրիլյան համարի շապիկին: Հեղինակավոր ամսագրին տված հարցազրույցում դերասանը մանրամասներ է ներկայացրել Ջեյմս Բոնդի նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի մասին՝ ակնարկելով, որ քաղաքականությունը նույնպես տեղ ունի ֆիլմում:

«Ամեն կերպ փորձել ենք ֆիլմում չանդրադառնալ Թրամփին: Բայց, իհարկե, քաղաքականությունը առկա է. լինի Թրամփը, թե «Բրեքզիթ»-ը, թե Ռուսաստանի միջամտությունը ընտրություններին և այլն»,- ասել է դերասանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր մասի պրեմիերան կորոնավիրուսի բռնկման ֆոնին գարնանից հետաձգվել է մինչև 2020թ. նոյեմբերը:

«MGM, Universal ընկերությունները և ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնն ու Բարբարա Բրոկոլին հայտարարել են, որ, ուսումնասիրելով կինովարձույթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը, որոշել են հետաձգել ֆիլմի պրեմիերան մինչև 2020թ. նոյեմբեր»,- ասվում է ֆիլմի պաշտոնական թվիթերյան հայտարարությունում:

Ինչպես նշվում է, բրիտանական հետախուզության հայտնի գործակալի մասին պատմող ֆիլմի 25-րդ մասը Մեծ Բրիտանիայում էկրան կբարձրանա նոյեմբերի 12-ին, ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 25-ին: