«Սա շարունակելի ուխտագնացություն է հրաշքի հետևից»․ «Հավատքի ուժը»՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հեղինակային հաղորդման բոլոր մանրամասները

Նազենի Հովհաննիսյանն ու իր թիմը սկսում են նոր նախագիծ։ Դերասանուհու նոր հեղինակային հաղորդաշարը նվիրված է մեր հավատքին, քրիստոնեությանը, մեր կյանքում տեղ գտած հրաշքներին, ինչպես նաև դրանց բացահայտմանը։
Ֆիլմաշարի առաջին ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ այսօր Մոսկվա կինոթատրնում, որին էլ հաջորդեց յութուբյան պրեմիերան։

«Ներկայացնելու ենք մի նոր ձևաչափ ու չգիտեմ էլ ձևաչափ բառը որքանով է արտահայտում այն, ինչ մենք արել ենք և ինչը դառնալու է շարունակական աշխատանք, բայց շատ կարևոր է այսօր լրագրողական աչքով մեկնաբանություն տալը որևէ արած գործի»,- պատմում է Նազենի Հովհաննիսյանը և շարունակում. «Այսօր խոսելու ենք մի բանաձևի՝ հավատքի ուժի մասին։ Մենք՝ որպես Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, շատ հաճախ մոլորվում ենք ու չգիտենք՝ ինչ ասել է հավատք կամ որոնք են այն սահմանները, որը դա իրականություն է դարձնում։ Եվ մենք փորձել ենք այս իրապատում ֆիլմով ցույց տալ անհնարինը, այն, ինչը տեսանելի չէ՝ հրաշքը, հավատքի միջոցով բժշկությունը, այն վկայությունները, որոնք լինում են յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում և գաղնիք չէ, ու նաև Հայ առաքելական եկեղեցու հետրոդները կփաստեն այն մասին, որ շատ կան նման պատմություններ, որոնք շատ հաճախ մենք ինքներս ամաչում ենք պատմել»։

Ինչպես Նազենիի նախորդ նախագծերում, այստեղ ևս ռեժիսորի գործը ստանձնել է Հրաչ Քեշիշյանը, պրոդյուսերն է Սոֆի Մխեյանը։ Ստեղծագործական խմբում ընդգրկված են նաև ֆիլմի խմբագիրներ «Սաղմոսերգու» արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանն ու Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը։ Առաջնադիտմանը ներկա էին հոգևորականներ, արվեստագետներ, երիտասարդներ, ֆիլմի հերոսներն ու փորձագետները։

«Այս ժամանակակից աշխարհում, երբ շատ տարբեր են գործիքները, մենք մտածեցինք՝ իսկ ինչու՞ ցույց չտալ այն, ինչի մասին մենք պատմում ենք իրար տներում, սեղանի շուրջ կամ պարզապես, երբ հավաքվում ենք միասին և փորձում ենք օգտագործել այն ժամանակակից գործիքները, որոնք որ տեսանելի են դարձնում շատ կարևոր արժեքները»,- մանրամասնում է հաղորդավարուհին։

Նոր նախագծի հետաքրքիր ու նախորդներից տարբերվող ձևաչափի մանրամասների մասին խոսեց Հրաչ Քեշիշյանը․ «Նազենի Հովհաննիսյանի հեղինակային իրապատում ֆիլմը, որը մենք փորձեցինք ստեղծել, նպատակ ունի վերածվելու շարքի։ Այս շարքը նախատեսված չէ հեռուստատեսության համար, և մենք սա անում ենք որպես օնլայն յութուբյան պրոյեկտ։ Մեզ համար, ովքեր մշտապես աշխատել են հեռուստատեսությամբ, այս ձևաչափը նորություն է։ Սա շարունակելի ուխտագնացություն է հրաշքի հետևից։ Ֆիլմաշարը խոստանում է լինել հետաքրքիր ու մենք, ունենալով արդեն իսկ նկարահանած հաղորդումներ, կարող ենք փաստել դրա մասին»։

Իսկ ինչու՞ իրապատում․ այս մասին կրկին մանրամասնում է Նազենին․ «Որովհետև մեր իրականության մեջ մենք ամեն օր ներկա ենք ու մասնակիցն ենք լինում շատ հետաքրքիր իրողությունների, բայց կա՛մ չենք տեսնում, կա՛մ էլ այդքան կարողություն և կրթություն չունենք տեսնելու։ Մենք այս հաղորդաշարով փորձել ենք անել ուխտագնացություն դեպի մեր ինքնություն, արմատներ և հավատք և ցույց տալ աշխարհին ու նաև ինքներս մեզ, որ իրականում մենք ունենք ահռելի հետաքրքիր մի մեծ ներուժ, որի մասին մենք նույնիսկ տեղյակ էլ չենք, անգամ եթե հենց դրա կողքին ենք»։

«Ինձ համար հատկապես շատ կարևոր էր, որպեսզի մենք հստակորեն կարողանայինք ճանաչել դաշտը քրիստոնեական ընկալմամբ, որպեսզի այդ հրաշքի մասին խոսելիս մենք ամոթի զգացում չունենանք ու տպավորություն չթողնենք մի ինչ-որ անհասկանալի մեկի, ով խոսում է աբսուրդ բաներից։ Մենք գնում ենք կատարված հրաշքների հետևից, բացահայտում ենք դրանք, գտնում ենք իրական հերոսների, ովքեր էլ պատմում են իրենց կյանքի պատմությունը»,- այս անգամ պատմում է Վահե Բեգոյանը։

Եվ հետաքրքիր ևս մի բան՝ կապված այս նախագծի հետ․ ֆիլմի ստեղծողները փորձ են արել ներառել ամենքին։ Այսինքն՝ հաղորդաշարում մենք կարող ենք տեսնել թե՛ կիրթ հավատավորին և թե՛ անկիրթին, այստեղ ներառված են բոլորն՝ իրենց պատմություններով հանդերձ, ինչի մասին էլ խոսում են հենց այս մտահաղացման հեղինակներն ու կյանքի կոչողները։

Նյութը՝ Լուս Ավագյանի