Ի՞նչ միջոցառումներ են հետաձգվել Երևանում կորոնավիրուսի պատճառով

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ:
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները»,- գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով փակ տարածքներում զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտությունից ելնելով` «Ազգային երգիչ» նախագծի՝ մարտի 20-ին կայանալիք համերգը հետաձգվել է: Համերգի նոր օրն արդեն հայտնի է. այն կկայանա հուլիսի 11-ին` ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյան մարզահամալիրում:

 

Մարտի 19-ին և 20-ին սպասվում էր «Կապիր ինձ մահճակալին» 18+ կատակերգության պրեմիերան:
Ներկայացման առաջնախաղը նույնպես հետաձգվել է։
Անդրանիկ Հարությունյանի, Լևոն Հարությունյանի, Արա Սարգսյանի, Մխիթար Ավետիսյանի, Լիա Զախարյանի, Անի Պետրոսյանի ու Սաթենիկ Հազարյանի մասնակցությամբ ներկայացման հիմքում ֆրանսիացի հեղինակ Րաֆֆի Շարթի պիեսն է։
«Կորոնավիրուսից խուսափելու համար, լսելով կառավարության հորդորը, «ԿԱՊԻՐ ԻՆՁ ՄԱՀՃԱԿԱԼԻՆ» ներկայացման փորձերը տանից ենք անում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ներկայացման դերասանները շփվում են տեսազանգի միջոցով։

Հումորիստ Վաչե Թովմասյանը սոցիալական կայքերի իր էջերում հայտնել է, որ հետաձգում է իր «Դե հիմա էդա» StandUp շոուները:
Հումորիստը բացատրում է․«Ամբողջ գիշեր ես հետևել եմ համաշխարհային և տեղական լրահոսին. երբ Համաշխարհային առողջապահության խորհուրդը կորոնավիրուսը հայտարարում է որպես պանդեմիա, մենք իրավունք չունենք այլևս դրան մատների արանքով նայել և ստիպված ենք հետաձգել մարտի 20-ին Երևանում և Մարտի 28-ին Գյումրիում կայանալիք մեր StandUp շոուները»։

Հետաձգվել է նաև «Գոյ» թատրոնում կայանալիք «EQUUS» ներկայացման պրեմիերան։
Այս հոգեբանական թրիլլերի բեմադրության հեղինակը Արթուր Սահակյանն է, բեմադրության նկարիչը՝ Գարիկ Մանուկյանը։