«Ես վեր եմ այդ ամենից»․ Անի Լուպեն՝ իր ստացած ամենակարևոր նվերի և տեսակով բացառիկ լինելու մասին

Դերասանուհի Անի Լուպեն երկար տարիներ է, ինչ ասպարեզում է. նա խաղացել է գեղարվեստական ֆիլմերում ու բազմաթիվ ներկայացումներում, սակայն հեռուստատեսությունից միշտ խուսափել է: Դերասանուհու համար դեբյուտային էր «Ազիզյանները» սիթքոմը, որը նրան մեծ ճանաչում բերեց:

Հայտնի ու երկրպագուների մեծ բանակ ունեցող դերասանուհին Showbiz.am կայքի հետ զրույցում խոսել է իր մարտիության գլխավոր նվերի, մայրանալու ցանկության և տղամարդու իդեալի մասին։

Կանանց միամսյակը յուրահատուկ ու անկրկնելի ժամանակաշրջան է յուրաքանչյուր կնոջ համար։ Գեղեցիկ անակնկալներ, նվերներ, շնորհավորանքներ․ տարեց տարի օրն ավելի հիշարժան ու անմոռանալի է դառնում։
Անի Լուպեն 35 տարի անընդմեջ՝ յուրաքանչյուր մարտի 8-ին, գեղեցիկ անակնկալ է ստանում, որի հեղինակը հենց դերասանուհու մայրիկն է։

«Մարտի 8-ին միշտ մայրս է ինձ նվիրել ծաղիկներ, ու դրանք միշտ աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն են եղել։ Ամեն բացվող առավոտ, ես արթնանում եմ երջանիկ ու աշխարհը իմն է դրանից էլ մեծ երջանկությու՞ն»,- խոստովանում է Անի Լուպեն, ում կյանքում մայրիկի դերն առանձնահատուկ ու ամենից կարևորն է։

«Մորիցս շատ կարևոր բան եմ սովորել՝ սիրել։ Դաստիարակության մեջ նա երբեք որևէ առանձնահատուկ մեթոդ չի օգտագործել, այլ ուղղակի սիրել է մեզ ու հիմա էլ է սիրում։ Կարծում եմ ես նրա պես կվարվեմ»,-պատմում է Անին ու հավելում, որ մայրիկի բոլոր խորհուրդներն առանց բացառության նրա համար չափազանց կարևոր են, ու նա մինչ այսօր շարունակում է լսել ու կատարել դրանք։

Անին նաև խոսեց մայրանալու ցանկության մասին։ Շատ կանայք, երբ արդեն բնազդաբար ուզում են մայրանալ, պատրաստ են նաև միայնակ մայր դառնալ, իսկ մյուսներն էլ կարծում են, որ պետք է սպասել երազանքների տղամարդուն, ում հետ լիարժեք ընտանիքում կկարողանան դաստիարակել փոքրիկին։

Սակայն Անին իրեն չի դնում նման սահմանափակումների մեջ․ «Երբեք ինձ չեմ դնում «պիտիների» մեջ։ Եթե զգամ, որ ժամանակն է մայրանալու, ապա կմայրանամ»։

Խոհանոցում ունեցած իր հմտություններից խոսելիս Անին նշում է․«Ես խոհանոցում շատ գեղեցիկ եմ, սակայն ոչ թե արտաքինով, այլ իմ պատրաստած ուտեստներով։ Պարզապես, սիրում եմ գեղեցիկ ու վառ գույներով պատրաստել։ Շատ եմ սիրում մրգեր և հում բանջարեղեն սոուսներով»։

Զրույցներում Անի Լուպեն հաճախ է նշում, որ տեսակով անընդհատ պետք է սիրահարված լինի. դա հոգեվիճակ է, առանց որի ապրելը նրա համար գորշ է: Իր անձնական հարաբերությունները դերասանուհին չի ցանկանում հանրայնացնել, սակայն խոստովանում է՝ ինչպիսի տղամարդ պետք է լինի իր կողքին։

«Իմ կողքի տղամարդը չի ենթարկվում «պիտիների»։ Ում կողքն ինձ ապահով ու երջանիկ զգամ, ուրեմն վերջ․․․ կհասկանամ, որ իմ տղամարդն է։

Երբեք չեմ մտածել, որ իմ հաջողակ կերպարը կարող է վախեցնել տղամարդկանց, ովքեր ռիսկ չեն անի ինձ մոտենալ, որովհետև մտածում եմ, որ ինձնից վախենում են վախկոտ ու թույլ տղամարդիկ։ Իսկ ես կարող եմ լինել միայ համարձակ տղամարդու կողքին։
Իսկ իմ սիրտը կարող են հալեցնել տղամարդու բոլոր այն բառերը, որոնք ասված են սիրով ու հատուկ ինձ համար»
,- ասում է Լուպեն և հավելում, որ երբեք չի հրաժարվի իր կարիերայից հանուն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի,- «Իմ մասնագիտությունը՝ ես եմ, իմ խառնվածքը, իմ մի մասը։ Չեմ կարող հրաժարվել ինքս ինձնից։
Մենք երբեք չենք մտածում ազատվել ոտքից միայն այն պատճառով, որ կոշիկը նեղ է»։

Հաջողակ ու պահանջված դերասանուհին խոստովանում է, որ իրեն չի հետաքրքրում տղամարդու դիրքը, կարողությունը, և ընտրություն նա պատրաստվում է անել բացառապես սրտով։

«Երբեք կարևորություն չեմ տալիս տղամարդու սոցիալական վիճակին թող մեծամիտ չհնչի, բայց ես վեր եմ այդ ամենից։ Երբ ես ինչ-որ մեկին համակրում եմ, առավել ևս սիրում, ինձ բացարձակ չի հետաքրքրում նրա դիպլոմը, պաշտոնը, գրպանը․․․ Այո, ես այն բացառություններից եմ, ում չես կարող գնել մուշտակով կամ ադամանդներով»,-ասում է նա ու հավելում, որ իր կյանքում բոլոր որոշումները կայացնում է արագ ու արագ էլ դրանք փոփոխում է, ապավինում է միշտ սրտին ու զգացմունքներին՝ քիչ տեղ տալով սառը դատողությանը, չնայած որ դրա պատճառով երբեմն տուժում է։

Տարիներ առաջ վենեսուելլացի գործընկերոջ խորհրդով Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե ու բեմական գործունեության ընթացքում հանդես եկավ հենց այդ անվամբ: Գանգրահեր, տաքարյուն ու կրքոտ դերասանուհուն թե՛ անվան, թե՛ արտաքինի պատճառով հաճախ են համեմատում բրազիլուհու կամ իսպանուհու հետ։

Անին խոստովանում է, որ եթե հնարավորություն ունենար նորից կյանքը սկսելու, ապա կցանկանար ծնվել Հայաստանի սահամաններից դուրս։
«Կապրեի Բրազիլիայում իմ սիրելի կորեացի դերասանի հետ, իսկ թե ինչ կլիներ հետո, չէի ցանկանա իմանալ․ ես սիրում եմ անակնկալներ»,- ասում է Անին ու հավելում, որ քանզի հիմա չունի այլ կյանքով ապրելու հնարավորություն, իր կյանքում ոչինչ չի ցանկանա փոխել։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան