Թոմ Հենքսը և իր կինը դուրս են գրվել հիվանդանոցից և ինքնամեկուսացվել

Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի հիվանդանոցից և ներկայումս մեկուսացված են իրենց տանը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում տալով Հենքսի ներկայացուցչին։

Զույգը տեղափոխվել էր Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի հիվանդանոց, երբ նախորդ շաբաթ պարզվել էր, որ իրենք վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով:

Ավստրալական SBS հեռուստաալիքի տվյալներով՝ Հենքսը կնոջ հետ ժամանել էր Ավստրալիա՝ մասնակցելու ավստրալացի կինոռեժիսոր Բազ Լուրմանի՝ Էլվիս Փրեսլիի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումներին: 63-ամյա դերասանը հանդես է գալիս երգչի մենեջերի` Թոմ Փարքերի դերում։ Առայժմ պարզ չէ, թե որտեղ և ինչպես է զույգը վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով։

Հենքսն իր ինսթագրամյան էջում գրել է, որ իրենք մեկուսացված են լինելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաշխարհային առողջապահությանը և անվտանգությանը։