Ինչպե՞ս խնամել մաշկը տնային պայմաններում

Քանի դեռ մեր բոլորի առողջությունը վտանգված է՝ կորոնավիրուսի տարածման պատճառով ու գրեթե բոլոր գեղեցկության սրահները անժամկետ փակ են, պետք չէ մոռանալ մաշկի խնամքի մասին։ Մասնագետները բացի հատուկ կոսմետիկ միջոցներից այսպիսի պայմաններում խորհուրդ են տալիս օգտագործել տնային պայմաններում և բնական բաղադրիչներից պատրաստված դիմակներ, որոնցից երեքը ներկայացնում ենք ձեզ։

Դիմակ՝ մաշկի ծակոտիները նեղացնելու համար

Այս դիմակը պատրաստելու համար պետք է ընդամենը երկու բաղադրիչ՝ ձվի սպիտակուց և կիտրոնի հյութ: Սկզբում պետք է լավ հարել ձվի սպիտակուցը, հետո ավելացնել մի քանի գդալ կիտրոնի հյութ: Այդ ամենից հետո անհրաժեշտ է խառնուրդը երկու մասի բաժանել և անմիջապես անցնել օգատգործմանը։ Դիմակը սառնարանում պահել խորհուրդ չի տրվում, ցանկալի է այն օգտագործել թարմ վիճակում, որպեսզի ստանաք ավելի լավ արդյունք։ Ստացված խառնուրդի մի մասը պետք է վրձնով տարածել դեմքի վրա՝ խուսափելով աչքերի շուրջ ընկած հատվածից, իսկ երբ առաջին շերտը կչորանա, պետք է քսել նաև  երկրորդ մասը: Երկրորդ շերտը չորանալուց հետո դեմքը հարկավոր է լվանալ սառը ջրով։ Դեմքը պետք է չորացնել, ու դրանից հետո բարակ շերտով խոնավեցնող քսուք օգտագործել: Մաշկը առողջ փայլ և թարմ տեսք կստանա։ Եթե կոմբինացված մաշկ ունեք, այս դիմակը պետք է տարածել միայն ճակատին, քթին եւ կզակին:

Դիմակ` նախատեսված չոր մաշկի համար

Դիմակը պատրաստելու համար հարկավոր են՝ 1 ճ. գդալ տրորած բանան և 1 ճ. գդալ եփած վարսակի փաթիլներ։ Անհրաժեշտ է միացնել այս երկու բաղադրիչները, հավասար շերտով քսել դեմքին, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ դեմքը ջրով՝ առանց օճառի օգտագործման, քանզի այն չորացնում է մաշկը: Արդյունքն անպայման կգոհացնի ձեզ, քանի որ այս դիմակը մաշկը դարձնում է անհավանական փափուկ և սնուցված։

Դիմակ` կորյակների դեմ

Մաշկը կորյակներից մաքրելու համար ձեզ անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ մանրացրած վարսակի փաթիլներին ավելացնել մի պտղունց սոդա, այնուհետև ստացված խառնուրդի վրա լցնել մի փոքր կեֆիր։ Ստացված խառնուրդը պետք է շիլայի նման թանձր լինի: Այդ շիլան պետք է քսել մաշկի պրոբլեմատիկ հատվածներին և թողնել 10-15 րոպե: Դրանից հետո դեմքը հարկավոր է լվանալ սառը ջրով: