Amazon-ն արգելել է Հիտլերի Mein Kampf գրքի վաճառքը

Amazon ընկերությունը, հետևելով Հոլոսքոստի հետ կապված բարեգործական ընկերությունների քարոզչությանն ու կարգադրություններին, արգելել է Ադոլֆ Հիտլերի Mein Kampf (Իմ պայքարը) ինքնակենսագրական գրքի և նացիստների կողմից գրված այլ քարոզչական գրքերի վաճառքն իր հարթակում: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Գրավաճառները տեղեկացվել են, որ իրենց այլևս թույլ չի տրվի վաճառել նացիստների կողմից գրված մի շարք գրքեր, այդ թվում Հիտլերի ինքնակենսագրական գիրքը, ինչպես նաև մի շարք մանկական գրքեր, որոնք նախատեսված են երեխաների շրջանում հակասեմական գաղափարներ տարածելու համար:

Mein Kampf-ի արգելքը տարածվել է գրքի հիմնական հրատարակիչների վրա, ինչպիսիք են լոնդոնյան Random House-ը և հնդկական Jaico-ն. ի դեպ, վերջինիս համար այս գիրքն աննախադեպ բեսթսելլեր էր դարձել:

1990-ականներից Հոլոքոստի հարցերով զբաղվող մի շարք առաջատար կազմակերպություններ և հրեական խմբեր փորձում էին խանգարել Amazon-ին Mein Kampf-ի նմուշները վաճառելու գործում, բայց վաճառողը պաշտպանում էր խոսքի ազատությունն ու ընդգծում, որ ուսանողները պետք է հասկանան Հիտլերի մտածելակերպը:

Հիտլերի ինքնակենսագրականի վերաբերյալ Amazon-ում հազարվոր արձագանքներ են թողել, մարդկանց մեծ մասը այն գնահատել է 5 աստղով:
Amazon ընկերությունը չի մեկնաբանել այն պատճառները, որոնք ստիպել են փոխել որոշումը և արգելել գրքի վաճառքը։