Եվրատեսիլ 2020-ը չեղարկվել է

Եվրոպական հեռարձակողների միությունը և հյուրընկալող քաղաքը շարունակում են բանակցությունները 2021 թվականին Ռոտերդամում մրցույթը կազմակերպելու վերաբերյալ։

Կորոնավիրուսի պատճառով երգի մրցույթի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել «Եվրատեսիլ 2020»-ը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսի 12-16-ը Ռոտերդամում (Նիդեռլանդներ):

Ինչպես հաղորդվում է eurovision.tv կայքում, վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուսումնասիրվել են բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ, որոնք թույլ կտային անցկացնել մրցույթը:

«Եվրոպայում COVID-19-ի տարածման հետևանքով առաջացած անորոշության, ինչպես նաև անդամ պետությունների կառավարությունների և հոլանդական իշխանությունների կողմից կիրառված սահմանափակումների պատճառով Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշում կայացրեց մրցույթը չեղարկելու մասին: Այս որոշման հիմքում ընկած է արտիստների, անձնակազմի, երկրպագուների և այցելուների առողջության հարցը, ինչպես նաև իրավիճակը Նիդեռլանդներում, Եվրոպայում և աշխարհում», – ասվում է հայտարարության մեջ:

Հեռարձակողների միությունը և հյուրընկալող քաղաքը կշարունակեն բանակցությունները՝ պարզելու, թե հնարավո՞ր է 2021 թվականին Ռոտերդամում կազմակերպել Եվրատեսիլ երգի մրցույթը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը, երգչուհի Դունկան Լոուրենսի անցած տարվա հաղթանակի շնորհիվ, նախատեսվում էր անցկացնել Նիդեռլանդներում: Հյուրընկալող քաղաքը Ռոտերդամն էր: