«Հյուր չենք ընդունում», «Պայքարում ենք սխտորով և օղիով», «Քնում եմ, որքան ուզում եմ»․ ինչպե՞ս են հայ հայտնիները պայքարում կորոնավիրուսի դեմ

Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ  և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է:
Հայկական շոու-բիզնեսի մի մասը խորհրդավոր լռում է, մի մասը թեմային համահունչ լինելու  համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում: Ավելի հոգատար հայտնիները քաջալերող խոսքեր են գրում ու փորձում մի փոքր դրական գույն ավելացնել։
Showbiz.am կայքի հետ զրույցում հայ հայտնիները խոստովանեցին, թե ինչպես են վերաբերվում ստեղծված իրավիճակին և ինչպես են պայքարում կորոնավիրուսի դեմ։

Անի Քրիստին, ով այս պահին ԱՄՆ-ում է, անկեղծացավ, որ անգամ չի նշել ծննդյան օրն, ու իր կարծիքը հայտնեց՝ կորոնավիրուսի հանդեպ մարդկանց դրական ու նաև ոչ ադեկվատ վերաբերմունքի մասին․«Շատ զգույշ եմ․ անգամ 34-ամյակս տանն եմ նշել՝ հայրիկիս ու սիրելի շանս հետ։ Այդ երկուսն իմ իմունային համակարգը միշտ բարձր են պահում, էլ չեմ խոսում տրամադրության մասին։ Մինչ տանը փակի տակ մնալը գնումներ կատարել եմ, բայց պետք է խոստովանեմ, որ ոչ ագահաբար։
Ինձ շատ հաճելի է տեսնել, որ Իտալիայում այս հարցի շուրջ վերաբերմունքն այդքան դրական է։ Եկեք չմոռանանք, որ վարակվածների թիվը նրանց մոտ ամենամեծն է։ Եվ շատ ցավալի է տեսնել հայերի անմարդկային ծեծկռտուքը, եթե կարելի է այդպես ասել։
Հույս ունեմ, որ սա էլ կանցնի։ Սա փորձություն է, որպեսզի ևս մեկ անգամ վերաարժեվորենք մեր կյանքն ու Մարդ ասվածին լուրջ վերաբերվենք»։


Երգչուհի Անահիտ Շահբազյանը կիսվեց կորոնավիրուսից պաշտպանվելու հետաքրքիր տարբերակներով
«Տանն ենք ու շատ հաճելի հանգստյան օրեր ենք անցկացնում։
Պայքարում ենք բնական միջոցներով․ խնկարկում, սխտոր, օղի և բարձր տրամադրություն։
Լավ է որ ամբողջ աշխարհում տարածվեց ինֆորմացիա այդ թեթև վիրուսի մասին, ինչի շնորհիվ հիմա մարդիկ ավելի զգոն, խնամված, ուշադիր և միշտ լվացված կլինեն։ Սա օրինակ է, որին պետք է հետևել բոլոր վիրուսների դեպքում»։

Իսկ երգչուհի Ջուսը օգտվում է տանը լինելու հանգամանքից ու կարողանում է լիարժեք քնել, որովհետև աշխատանքային գրաֆիկը նախկինում նրան դա թույլ չէր տալիս․«Տանից դուրս գալիս երբեք չեմ մոռանում դիմակս ու ռետինե ձեռնոցներս, որոնք վերադառնալուն պես գցում եմ։ Քանի որ ես ամեն օր ելույթներ ունեի մինչև ուշ գիշեր ու չէի կարողանում լիարժեք քնել, հիմա քնում եմ այնքան, որքան ուզում եմ։ Խորհուրդ եմ տալիս մարդկանց օգտվել տանը լինելու հանգամանքից ու ամեն օր զբավել սպորտով։ Յութուբյան լավագույն մարզիչների հետ ամեն օր 45 րոպե կարդիովարժություններ կատարեք, աշխատեք նաև ուրիշ մկանների վրա։ Հիշեք՝ սպորտը կյանք է։

Երեկոյան ժամերի դիտում են ֆանտաստիկ ու սարսափ ֆիլմեր, որոնք օգնում են ազատվել սթրեսից։ Այս պարագայում ամենակարևորը հիգիենային հետևելն է, ձեռքով բարևելու ու համբուրվելու մասին մոռանալը։ Բոլորին առողջություն եմ մաղթում ու ցանկանում եմ հիշեցնել, որ ամեն ինչ անցողիկ է»։

Հաղորդավար Սոնա Աբրահամյանը պատմեց, թե ինչով է պատրաստվում զբաղվել ամուսնու հետ տանը կարանտինի օրերին և ինչն է  իրեն ամենից շատ նյարդայնացնում այս օրերին սոցցանցերում․« «Խուճապի մեջ ընկնել պետք չէ, որովհետև ներշնչանքը մեծ դերակատարում ունի, և եթե որևէ բանից շատ ես վախենում, ապա դա քեզ հետ անպայման կատարվում է։ Սակայն պետք է հետևել այն բոլոր խորհուրդներին, որոնք տալիս են առողջապահության ոլորտի մասնագետները։ Ես՝ ինքս, ոչ միայն այս շրջանում, ոչ միայն վարակի, համաճարակի վտանգի դեպքում, այլ նաև առօրյայում հետևում եմ լվացվելու խիստ գրաֆիկի։ Այս շրջանում հատուկ ուշադրություն եմ դարձնում տարբեր առարկաների ախտահանման գործընթացին։ Հիմա ախտահանում եմ պարտադիր հեռախոսս, տեխնիկաս, բանալիներս։

Քանի որ դեռ 1-2 օր է, ինչ տանն եմ, դեռ ինչ-որ բան չեմ հորինել, որպեսզի ինձ զբաղեցնեմ։ Բավական շատ գործ է կուտակվել, որը ես փորձում եմ այս օրերի ընթացքում անել․ դրանք հիմնականում տնային գործեր են։ Հիմա կան բազմաթիվ նախագծեր, որոնց վրա հարկավոր է աշխատել, վերջնական տեսքի բերել, ու կարծում եմ, որ ազատ ժամանակը կօգտագործեմ հենց դրա համար։
Իհարկե, կան ժամանցի տարբերակներ, որոնք մեր տանը իմ և ամուսնուս համար ընդունված են․ օրինակ՝ ամեն երեկո ժամանակ ենք գտնում լավ ֆիլմ դիտելու, իրար հետ զրուցելու համար։

Ինձ նյարդայնացնում է, որ յուրաքանչյուրը Ֆեյբուքում կամ Ինստագրամում սկսում է խորհուրդներ տալ, թե մյուսներն ինչպես իրենց պահեն, վերաբերվեն այս ամենին։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի։ Այս օրերի ընթացքում ամենից շատ ինձ նյարդայնացնում է սոցցանցերում տիրող այդ իրականությունը։ Ամենակարևոր քայլը, որն անում եմ՝ իրավիճակին հետևելն է պաշտոնական լրահոսի միջոցով․ մնացած բոլոր դեպքերում փորձում եմ չմտնել Ֆեյսբուք, չդիտել օգտատերերի տեսանյութերը, որովհետև մեծ մասը փորձում է հանդես գալ խորհուրդներով, և դա ուղղակի նյարդայնացնում է։

Յուրաքանչյուր կրթված, գիտակից մարդ լավ պատկերացում ունի՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի այս իրավիճակում։ Իսկ եթե անձը չունի այդ գիտակցությունը, ապա որևէ մեկի խորհուրդը չի փոխի իրավիճակը»:

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը՝ ի տարբերություն մյուս հայտնիների, այս օրերին կարանտինի մեջ չի գտնվում և պարտաճանաչ կերպով գնում է աշխատանքի։ Ամենից շատ ռիսկային գոտում հենց նա է գտնվում ու խոստովանում է՝ ինչպես է կարողանում պաշտպանվել կորոնավիորւսից «Խորհուրդ եմ տալիս բոլորին տեղեկացված լինել, չհետևել և չհավատալ կեղծ լուրերին, զգոն լինել, անլուրջ չվերաբերվել, բայց և խուճապի չմատնվել։
Եթե հետևենք Առողջապահության նախարարության ցուցումներին, վարակվելու հավանականությունը կքչանա, և ամենակարևորը՝ կունենանք պատախանատվության զգացում, որպեսզի մտածենք ոչ միայն մեր, այլև հասարակության մասին, քանի որ մեր յուրաքանչյուր ընտրություն կարող է դիմացինի առողջության վրա թանկ նստել»:


Իսկ Ալլա Լևոնյանը խոստովանեց, որ տանից, առհասարակ, դուրս չի գալիս․«Տանից դուրս ենք գալիս հազվադեպ, իսկ երեխաներն ընդհանրապես դուրս չեն գալիս, պահում ենք հիգիենայի կանոնները, հյուր չենք գնում ու չենք ընդունում։ Օգտագործում ենք ալկոգել և օճառներ։ Տունը միշտ մաքուր ենք պահում, չնայած միշտ այդպես է եղել, պարզապես հիմա ախտահանմանը առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում։ Ագահաբար գնումներ չենք կատարում։ Պարզապես երեխաների սիրելի մթերքներից մի փորք ավելի շատ ենք գնում։ Անհանսգտանալ, իհարկե, պետք է, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, որովհետև դա ավելի շատ լարվածություն կմտցնի»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան