«Սոյուզմուլտֆիլմը» մտադիր է թողարկել «Դե, սպասիր» մուլտֆիլմի առնվազն 52 սերիա

«Սոյուզմուլտֆիլմ» ընկերությունը մտադիր է «Դե, սպասիր» մուլտֆիլմի առնվազն 52 նոր սերիա թողարկել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է կինոընկերության կառավարման խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչևան։

«Ներկա պահին մեկնարկում ենք 7 րոպե տևողությամբ առաջին 26 սերիաներից բաղկացած շարքը: Հեռանկարում ցանկանում ենք ստեղծել առնվազն 52 սերիա, քանի որ նախագիծը, որի շուրջ այժմ աշխատում ենք, անկասկած միջազգային ներուժ կունենա: Իսկ միջազգային վաճառքի համար պետք է 52 սերիա ունենանք: Մեծ հետաքրքրվածություն կա Չինաստանից և շատ այլ ասիական երկրներից»,- ասել է Սլաշչևան:

Նրա խոսքով՝ մուլտֆիլմը կստեղծվի 3D ձևաչափի տեխնոլոգիաների օգնությամբ: Այդ որոշումն ընդունելու համար մասնագետները 4-5 ամիս քննարկումներ են իրականացրել։