«Չէի կարող պատկերացնել, որ այդպես հնարավոր է թռչել»․«Dance Հեղափոխություն» շոուի հայ մասնակցի փայլուն ելույթը

Միջազգային մրցույթների 25-ամյա դափնեկիր, «Ռուսական բալետ» թատրոնի արտիստ Հարություն Առաքելյանը հաջողությամբ անցել է «Dance Հեղափոխություն» շոուի նախնական փուլը, որը եթեր է հեռարձակվում ռուսական «Առաջին ալիք»-ով։
Անկախ ելույթի ընթացքում անհաջող պահերից՝ ծրագրի ժյուրիի անդամները՝ խորեոգրաֆ Ալլա Սիգալովան, համաշխարհային բալետի աստղ Սերգեյ Պոլունինը և երգչուհի Վերա Բրեժնևան, որոշել են տաղանդավոր տղային շանս տալ։

Հարությունը պատմել է, որ ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է Նովոսիբիրսկում։ Առաքելյանը յոթ տարեկանից զբաղվել է ժողովրդական պարով, սակայն հետո անցել է դասականի։
«Ես նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, որ այդպես հնարավոր է թռչել»,- տաղանդավոր տղայի ելույթով հիացել է «Dance Հեղափոխություն» նախագծի  հաղորդավարուհի Ալլա Միխեևան։

Սակայն ելույթից հետո Հարությունը խոստովանել է, որ երջանիկ չէ, որովհետև կարծում է, որ այդքան էլ լավ չի պարել։ Չնայած այդ ամենին՝ Հարությունը խոստացել է հաջորդ փուլին ներկայանալ մարտական, հեղափոխական տրամադրվածությամբ։
Վերա Բրեժնևան պաշտպանել է Հարությունին՝ ասելով, որ վերջինս սխալներ է թույլ տվել միայն հուզմունքի պատճառով։