Universal Pictures-ը նոր ֆիլմերը հենց պրեմիերայի օրը կցուցադրի առցանց տարբերակով

Universal Pictures կինոստուդիան կորոնավիրուսի բռնկման հետևանքով մի շարք կինոթատրոնների փակման ֆոնին որոշել է սեփական արտադրության նոր ֆիլմերը ցուցադրել առցանց՝ դրանց պրեմիերայի օրը, հաղորդում է Independent-ը:

Առաջին կինոնկարը, որը ապրիլի 10-ին կցուցադրվի սթրիմինգային ծառայությունում՝ «Տրոլներ․ Համաշխարհային շրջագայություն» մուլտֆիլմն է։

Մեծ Բրիտանիայի կինոթատրոնների բոլոր խոշորագույն ցանցերը հայտարարել են մարտի 18-ից իրենց սրահների փակման մասին, իսկ Իռլանդիայում դրանք արդեն փակվել են: Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար Նյու Յորքի և Լոս Անջելեսի կինոդահլիճները նույնպես փակվել են:

NBCUniversal ընկերությունը հավաստիացրել է, որ իրենց բոլոր վերջին ֆիլմերը, այդ թվում՝ «Որսորդություն»-ը, «Անտեսանելի մարդը» և «Էմմա»-ն, կարելի է դիտել առցանց հարթակում։ Ենթադրյալ արժեքը մոտ 20 դոլար է 48 ժամի համար։

«Պրեմիերաները հետաձգելու կամ դրանք կինոթատրոններում ցուցադրելու փոխարեն, մենք ցանկացանք դրանք հասանելի դարձնել բոլորին»,- հայտարարել է NBCUniversal-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Շելը։