«Լավագույն տարիքն այն է, որում դու կաս»․ Լուիզա Ներսիսյանը՝ քաղաքացիական պատասխանատվության, ընտանիքի, սիրո և այլ թեմաների մասին

Լուիզա Ներսիսյանը և «Women’s Club»-ի ողջ անձնակազմը նոր են վերադարձել համաշխարհային շրջագայությունից։ Դերասանուհու խոսքով, դեռ Ֆրանսիայում իրենք որոշել էին գալ և ամբողջ թիմով միանգամից ինքնամեկուսանալ և այդպես էլ արել են։ Հիմա ողջ թիմը միասին մեկ հարկի տակ մեկուսացված է։ Բայց քանի որ Լուիզա Ներսիսյանը վերադառնալիս ջերմել է, որոշում է կայացրել՝ չգնալ թիմի հետ նույն տարածքում մեկուսանալու, այլ գնալ և համապատասխան թեստ հանձնել, որպեսզի համոզվի, որ ամեն ինչ լավ է։ Բարեբախտաբար սիրված դերասանուհին առողջ է, նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց անվտանգության նկատառումներից ելնելով, նա նույնպես ինքնամեկուսացել է տանը։ Ասում է, որ իր մոտ վախ չկար, պարզապես քաղաքացիական պատասխանատվությունը թույլ չէր տա իրեն չվերահսկել իրավիճակը։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմում է, որ թե՛ ինքը, թե՛ «Women’s Club»-ի անձնակազմը հիանալի տպավորություններով են վերադարձել ԱՄՆ և Եվրոպա կատարած հյուրախաղերից, քանի որ հանդիսատեսն իսկապես շատ ջերմ է ընդունել նրանց։ Լուիզա Ներսիսյանը համոզված է, որ նման շրջագայություններն ավելի են ամրապնդում թիմն ու տալիս նոր ստեղծագործական էներգիա։

Որքան էլ որ կորոնավիրուսային տագնապը բոլորիս ընկճած լինի, պետք է չմոռանանք, որ մինչև ապրիլի 7-ը դեռ կանանց միամսյակն է, և փորձենք որոշակիորեն շեղվել կորոնավիուսի մասին թեմաներից ու զրուցել մեր երկրի հայտնի ու սիրված կանանց հետ ավելի հաճելի թեմաներից՝ նրանց մանկության հուշերից, ընտանեկան երջանկությունից, սիրուց, կյանքից և այլ հետաքրքիր թեմաներից։ Մեկ խոսքով ասած՝ ներկայացնենք նրանց այն տեսանկյունից, որից հանդիսատեսը դեռ լավ չի ճանաչում։ Մեր այսօրվա հերոսուհին, դժվար չէր կռահել, կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է։

Քանի՞ տարեկան էիք, երբ առաջին անգամ սիրո խոստովանություն արեցին Ձեզ:

Դա կոնկրետ սիրո խոստովանություն չէր, ավելի շատ ուշադրության դրսևորում էր։ Մանկապարտեզում գանգուր մազերով մի տղա կար, որի ուշադրությանն այնքան էի արժանացել, որ անընդհատ գալիս ու իմ կողքին էր նստում։ Բայց ես ու ընկերուհիս էլ սիրահարված էինք մի ուրիշ տղայի ու նյարդայնանում էինք, որ ինքն է գալիս մեր կողքին նստում, այլ ոչ մյուս տղան։ (ծիծաղում է) Այդ գանգուր մազերով տղան շատ է տպավորվել, կարծես աչքիս առաջ լինի։

Կին լինել` նշանակում է

Կին լինել նշանակում է գիտակցել բնության կողմից քեզ ընձեռնված առավելությունը։

Ինչպիսի՞ն եք բեմից և կադրից դուրս:

Շատ չեմ տարբերվում երևի թե․․․ Գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդու մեջ էլ կան բոլոր մարդկային տեսակները, ուղղակի կյանքում առաջ եկած հանգամանքները քեզ ստիպում են, որ տվյալ պահին այդ տեսակներից մեկը ի հայտ գա։ Այդպես էլ դերերին եմ վերաբերվում, դրանք բոլորը իմ եսի մասնիկներն են, որոնց ուղղակի ինչինչ առիթով ի հայտ եմ բերում։ Այսինքն, տվյալ կերպարը կերտելու համար օգտագործում եմ իմ եսի բաղադրիչ մասնիկներից մեկը ու որոշակիորեն փորձում այդ կերպարում գտնել ինձ։

Ո՞վ է Ձեր կյանքի ամենակարևոր մարդը:

Մեկ հոգու առանձնացնել չեմ կարող։ Իմ ամենահարզատ ու հոգիս ջերմացնող մարդիկ իմ ընտանիքի անդամներն են։ Շատ կարևոր են իմ կյանքում ընկերներս և այն գործընկերները, որոնք այդ էտապում իմ գործունեության ու օրվա բաղկացուցիչ մասն են կազմում, քանի որ այդ գործնական կամ ընկերական ջերմ հարաբերությունները վերածվում են մարդկային մտերմության՝ առանց որի անհնար է հաջողել գործում։ Առհասարակ չեմ պատկերացնում, որ առանց սիրո որևէ բան հնարավոր է հաջողել։

Ո՞րն է կնոջ համար լավագույն տարիքը:

Լավագույն տարիքն այն է, որում դու կաս։ Չեմ սիրում հետ նայել և առաջ վազել, այլ սիրում եմ զգալ ներկան։ Պետք է կարողանալ զգալ այդ պահն ու այն ըմբոշխնել։

Ո՞րն է եղել ամենահիշվող նվերը, որ երբևէ ստացել եք:

Քանի որ սիրում եմ գնահատել ու վայելել պահը, երեկվա էմոցիաներն արդեն չեն կարող ինձ այնքան ջերմացնել, որքան այսօրվանը։ Այդ իսկ պատճառով էլ կարող եմ ասել, որ ցանկացած նվեր, որ ստացել եմ, ինձ համար շատ հաճելի, թանկ ու կարևոր է եղել։ Ինչպիսի նվեր էլ, որ ստացած լինեմ, այն ինձ համար այդ պահին ամենակարևորն ու թանկն է։

Սիրել նշանակում է…

Սիրել նշանակում է գործել՝ նաև սիրած օբյեկտի շահերից ելնելով։

Կյանքը շատ կարճ է…

Կյանքը շատ կարճ է կյանքի մասին երկար մտածելու համար։

Ունե՞ք այնպիսի բացասական հատկանիշներ, որոնք Ձեզ խանգարում են։

Եթե կան բացասական հատկանիշներ, որոնք ես չեմ ուղղել, նշանակում է, որ ես դրանց հետ համերաշխ եմ ապրում, ու դրանք ինձ չեն խանգարում։ Իսկ բոլոր այն բացասական հատկանիշները, որոնք ինձ խանգարել են, ես պարզապես հեռացրել եմ իմ բնավորությունից և շտկել։

Կանանց միջև կարո՞ղ է լինել իրական ու անկեղծ ընկերություն:

Ցանկացած պարգայում ընկերների մեջ՝ լինեն կանայք, թե տղամարդիկ, կա փոխադարձ շահ։ Խոսքն ամենևին նյութական շահի մասին չէ, այլ իրար օգնելու, լսելու, հասկանալու ու կապվածության մասին է։ Ամենապարզ օրինակը բերեմ, եթե քեզ տվյալ մարդու կողքին հարմարավետ է ու հաճելի՝ դա նույնպես շահ է։ Անկախ սեռից, եթե շահերն իրար համապատասխանում են, այդ դեպքում այդ հարաբերությունները անկեղծ են և ընկերական, բայց երբ կա շահերի բախում, ամեն ինչ քանդվում է։ Կյանքում էլ է այդպես։

Նույն մասնագիտության և բավականին հայտնի ու սիրված ամուսինների համար հե՞շտ է նույն հարկի տակ ապրելը:

Իսկ ի՞նչ է կյանքում հեշտ տրվում։ (ծիծաղում է) Կյանք ապրելն արդեն իրենից բարդություն է ներկայացնում, իսկ ես չեմ ձգտում հեշտության, որովհետև դա անհետաքրքիր է։ Եթե դու հեշտությանն ես ձգտում՝ նշանակում է քեզ անգործության ես մատնում և չես սիրում կյանքը։ Ոչինչ չանելուց հեշտ բան չկա, իսկ եթե ուզում ես ճիշտ գործել՝ պիտի պատրաստ լինես դժվարություններ հաղթահարելուն։ Ու եթե նույնիսկ մեր միջև տարաձայնություն է լինում, հաջորդ պահին այդ ամենը շարունակելու իմաստ չկա, պետք չէ հետ նայել։ Չի եղել, որ երկարաժամկետ տարաձայնություններ ունենանք, եղել են տարբեր թեմաների շուրջ բանավեճեր կամ թեթև անհամաձայնություններ, բայց մենք այդ ամենը շատ արագ ենք հարթում, որովհետև շատ ենք սիրում կյանքը։ Չենք կառչում մանրուքներից և փառք Աստծո, մեր ընտանիքում բոլորս ենք այդպիսին, այլ ոչ թե մի կողմն այդպես է մտածում, իսկ մյուս կողմը մանրախնդիր է։

Դժվար է արդյո՞ք լինել մայր և բավականին զբաղված գրաֆիկով դերասանուհի: Ինչպե՞ս պահել մայր և արտիստ լինելու հավասաարակշռությունը:

Եկանք կրկին այն մտքին, երբ ես ասում էի, որ ցանկացած մարդու մեջ կան տարբեր եսեր, ու նայած թե ինչ է թելադրում իրավիճակը՝ քո մեջ արթնանում է այդ մարդը։ Երբ դու տանն ես, քո մեջ արթնանում է կինը, մայրը, երբ դու աշխատավայրում ես, քո մեջ արթնանում է մասնագիտությունը՝ դերասանուհին։ Ես նույնպես բացառություն չեմ ու պատկանում եմ այդ մահկանացուների շարքին, որոնք ունեն այդ եսերը։ Չի եղել երբեք որ այդ երկուսն իրար խառնվեն ու ինձ համար որևէ բարդություն առաջացնեն։

Շատ հաճախ մեկ երեխա ունեցող կանայք կամ ծայրահեղ խիստ են երեխայի հանդեպ, կամ հակառակը` թույլ են տալիս ամեն բան: Ինչպիսի՞ն են Ձեր և Լիլիթի հարաբերությունները:

Քանի որ այդ հարաբերությունները պրոցեսի մեջ են, և ես չեմ կարող իմ բարձունքից խոսել դրանց մասին, բայց կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ շատ լավ, իդեալական հարաբերություններ ունենք։ Կարծում եմ, որ մարդուն պետք է թույլ տաս ունենալ անձնական տարածք՝ անկախ տարիքից։ Բայց նաև ինչոր ձևով փորձում եմ կողքից դիտարկել այդ ամենը ու աչքաթող չանել։ Ծնողի անդադար ու ոչ այդ պահին անհրաժեշտ մասնակակցությունը երեխայի կյանքում հետո ավելի վատ անդրադարձ է ունենում նրա վրա։

Ո՞վ կամ ինչն է Ձեզ օգնում հաղթահարել խնդիրները, ընկճվածությունը կամ վախը:

Ոչ ոք չի կարող օգնել մարդուն դուրս գալ դժվարին իրավիճակից։ Դա կարող ես անել միայն դու՝ ինքդ։ Պետք է զարգացնես քո մեջ այն հատկանիշը, որ կարողանաս ինքնուրույն լուծել խնդիրներդ։ Կողքից միջամտությունները, երբ մեզ թվում է, որ մեր փոխարեն լուծեցին մեր խնդիրները, շատ կարճ է տևում։ Դու ինքդ պետք է գաս այն համոզման, որ ինքուրույն դուրս գաս դժվար կացությունից։ Կյանք ես ապրում, և այդպիսի պահերը կարող են շատ լինել։

Եթե Ձեր կյանքը ներկայացում կամ ֆիլմ լիներ, ապա ինչ ժանրի կլիներ:

Այն կլիներ սրտաճմլիկ կատակերգություն, բայց ֆիլմ կլիներ, որովհետև ֆիլմում ունենք հնարավորություն կատարվող իրադարձություններն ու մարդկանց էմոցիաները խոշոր պլանով, այնուհետև միջին կամ ընդհանուր պլանով տեսնելու։ Իսկ ներկայացման ժամանակ ունենք միայն մեկ՝ ընդհանուր պլանով տեսնելու հնարավորություն։ Բայց այն կլիներ այն ֆիլմերից, որոնք չեն մոնտաժվում։ Մեկ կադրով նակարահանված ֆիլմ։

Լուիզա Ներսիսյանը 10 տարի անց…

Քանի որ չեմ սիրում առաջ վազել, հստակ պատկեր չեմ տեսնում, թե որտեղ կլինեմ և ինչ կանեմ։ Միայն հստակ գիտեմ, ինչով էլ որ զբաղվեմ, ինչպիսին էլ որ լինեմ, ինքս ինձ հետաքրքիր եմ լինելու։ Իսկ երբ դու ինքդ քեզ հետաքրքիր ես, արդեն լույս ես արձակում, որը չի կարող աննկատ մնալ։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան