ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը. Հայաստանը պահպանել է իր դիրքը

ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օրվա առթիվ հրապարակել է ամենամյա «Երջանկության համաշխարհային զեկույց»-ը՝ World Happiness Report-ը, որում ներառված է 153 երկիր:

Զեկույցը ներկայացնում է՝ ինչպես է աշխարհում տարբեր գործոնների շնորհիվ մարդկանց կյանքը երջանիկ դառնում: Զեկույցը կազմելիս մասնագետներն ամեն տարի կենտրոնանում են որևէ հստակ թեմայի վրա:

Փաստաթուղթը կազմելիս մասնագետները հաշվի են առնում մի շարք գործոններ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տևողությունը, տվյալ պետության կառավարման և բնակչության երջանկության միջև ուղղակի կապերը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:

Այս տարի ամենաերջանիկ երկների ցանկը կրկին գլխավորել է Ֆինլանդիան: Նրանից բացի լավագույն տասնյակում են հայտնվել Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը:
Ծավալուն ցանկը եզրափակում են Զիմբաբվեն, Հարավային Սուդանն ու Աֆղանստանը:

Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, ցուցակում գրավում է 116-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը 73-րդ տեղում է, Վրաստանը հաջորդում է Հայաստանին` զբաղեցնելով 117-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 89-րդ տեղում է, Թուրքիան 93-րդ, իսկ Իրանը` 118-րդ:

World Happiness Report-ի ամենամյա զեկույցը կազմվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումների բաժնի կողմից: Մասնագետները երկրները գնահատելուց հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն: