Եվրատեսիլի մասնակիցները հաջորդ տարի ելույթ կունենան նոր երգերով և երկիրն ինքը կորոշի՝ ուղարկել նույն մասնակցին, թե` ոչ

«Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ հաջորդ տարի մասնակիցները չեն կարող հանդես գալ արդեն ներկայացված երգերով և պետք է ընտրեն նոր կատարումներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մրցույթի մամուլի ծառայությանը։

«Հաշվի առնելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի օրենքները, այս տարի ներկայացված երգը չի կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին: Որոշում է կայացվել, որ մասնակիցները պետք է ներկայանան նոր երգերով»,- գրված է հայտարարությունում:

Կազմակերպիչներն ընդգծել են, որ յուրաքանչյուր երկիր ինքը որոշում կկայացնի իր մասնակցի ընտրության հարցում:

«Յուրաքանչյուր հեռարձակող երկիր ինքը կարող է որոշել, ուղարկել նույն մասնակցի՞ն, թե նոր մասնակից ընտրել»,- հավելել են նրանք:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Ռոտերդամում նախատեսված «Եվրատեսիլ-2020»-ը չեղարկվել էր: Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։