Միավորվելու ժամանակն է. նորաձևության աշխարհահռչակ բրենդները օգնում են Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ

Իտալական նորաձևության տները շարունակում են աջակցել ծանր դրության մեջ հայտնված երկրներից մեկին՝ Իտալիային, ու գումար հատկացնել առողջապահության ոլորտին:
Prada-ն գումար է հատկացրել Միլանի 3 հիվանդանոցի: Versace-ի ստեղծագործական տնօրեն Դոնաթելա Վերսաչեն 200 հազար եվրո է նվիրաբերել Սուրբ Ռաֆայել հիվանդանոցին:
«Հիմա միմյանց մասին հոգ տանելու ժամանակն է»,-ասել է Դոնաթելա Վերսաչեն:

Մինչ այդ իր դրամական աջակցությունն էր ցուցաբերել նաև Armani-ն՝ 1,25 մլն եվրո հատկացնելով իտալական բուժհաստատություններին:
Իսկ Bvlgari-ն Ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտին նոր սերնդի 3D հետազոտական մանրադիտակ է նվիրել:

Լոմբարդիան և Միլանն ամենաշատն են տուժել վիրուսից, այնտեղ կառուցվում է 80 հազար քառակուսի մետր տարածքով նոր հիվանդանոց, որը պատրաստ կլինի 10 օրվա ընթացքում:
Moncler-ն այդ նպատակով 10 մլն եվրո է նվիրաբերել:

«Միլանը մեզ անհավանական կյանք է նվիել, չպետք է հրաժարվենք նրանից: Մեզնից յուրաքանչյուրը պետք է քաղաքին տա այն, ինչ նրանից ստացել է»,- ասել է Moncler բրենդի գործադիր տնօրեն Ռեմո Ռուֆֆինին: