Պատմական այս 5 ֆիլմերը թույլ չեն տա, որպեսզի դուք ձանձրանաք կարանտինի ընթացքում

2020 թվականին կինոարտադրությունը դանդաղել է. կարանտինի պատճառով պրեմիերաները, նկարահանումները հետաձգվում են:
Մնացեք տանը և օգտագործեք կարանտինը որպես հիանալի հնարավորություն՝ ֆիլմեր դիտելու համար:

«Ֆավորիտ»
Յորղոս Լանտիմոսի այս ֆիլմի իրադարձությունները տեղափոխում են մեզ 18-րդ դար, Բրիտանիա, երբ վերջինս պատերազմում էր Ֆրանսիայի դեմ:
Թագուհի Աննան վատառողջ է, և երկրի կառավարման հարցերով զբաղվում է նրա ընկերուհի Սառան, որը շատ կարճ ժամանակում դառնում է Աննայի աջ ձեռքը և ոչ միայն… Ֆիլմում կա նաև երրորդ հերոսուհի՝ աղախին Էբիգեյլը:
Առաջին հայացքից բարի և անմեղ այս աղջկա համար իրականում թագուհուն ծառայելն ուղղակի արիստոկրատիկ արմատներին վերադառնալու հնարավորություն է և, նա ամեն ինչի պատրաստ է, որ հասնի իր նպատակին:
Կարճ ժամանակ անց Էբիգեյլն արժանանում է թագուհու սիրուն ու հարգանքին, ինչը խանդ է առաջացնում Սառայի մոտ: Էբիգեյլի ազդեցությունն Աննայի վրա օրեցօր մեծանում է …

«Թագավոր»
Անգլիա, 15-րդ դարի սկիզբ, Հարյուր տարվա պատերազմ:
Ուելսի արքայազն Հելն իր ընկեր Ֆալստաֆի հետ վարում է ցոպ ու շվայտ կյանք և չի մտածում գահին նստելու մասին:
Բայց երբ նրա հայրը՝ թագավոր Հենրի IV-ը, մահանում է հիվանդությունից, իսկ կրտսեր եղբայրը զոհվում է ռազմի դաշտում, Հելուն ստիպված է լինում ընդունել թագը:

«Գլադիատոր»
Լեգենդար ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմը ցուցակում հաջորդն է:
Գլխավոր դերերում են Հոլիվուդի սիրելիներ Ռասսել Քրոուն և Հոակին Ֆենիքսը:
Ֆիլմը 2001 թվականին արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Ռասսել Քրոու), «Լավագույն կոստյումներ», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում:
Մաքսիմուսը Հռոմեական կայսրության ամենաուժեղ և պատվավոր զինվորականներից մեկն էր: Լեգեոնները գլուխ էին խոնարհում նրա առջև և անսահման հարգում իրենց ղեկավարին: Մաքսիմուսին, սակայն,դավաճանում են՝ զրկում են ընտանիքից և դատապարտում մահվան: Անվախ հերոսը կարողանում է փախչել մահապատժից և դառնալ գլադիատոր: Այժմ  նա պետք է պայքարի իր ամենավտանգավոր թշնամու դեմ:

«Տրոյա»
Տղամարդիկ ամեն բանի պատրաստ են հանուն իրենց սիրելիի: Դարերից ի վեր եկող ավանդույթ է, որ տղամարդը պայքարի և գրավի կնոջ սիրտը՝ ոչ մի ջանք չխնայելով:
Մ.թ.ա. 12-րդ դար: Սպարտան և Տրոյան պայքարում են միմյանց դեմ, քանի որ Տրոյայի արքայազն Պարիսը արևանգել է Սպարտայի թագավորի՝ Մենեղայոսի կնոջը:  Գեղեցկուհի Ելենան կռվախնձոր է այս երկու հսկաների միջև: Մենեղայոսի եղբայր Ագամենոնը դիմում է զորավար Աքիլլեսի օգնությանը և նրանք միասին կարողանում են դեմ դուրս գալ Տրոյային: Այս պայքարը կհիշեն դարեր ի վեր:
Ֆիլմի ռեժիսորն է Վոլֆգանգ Պետերսոնը, իսկ գլխավոր դերերում են Բրեդ Փիթը, Օրլանդո Բլումը, Դայան Քրյուգերը, Էրիկ Բանան և այլք:

«Երկնային արքայություն»
Ցանկը եզրափակվում է 2005 թվականի «Երկնային արքայություն» ֆիլմով, որի գլխավոր դերերում են Օրլանդո Բլումը, Եվա Գրինը, Լիամ Նիսոնը և այլք:
Պատմական դրամայի կենտրոնում է զինագործ Բելիանը, ով փախչում է հայրենիքից:
Բելիանը միանում է հոր ղեկավարած խաչակրաց արշավանքին  և կռվում նրա կողմից:
Բայց երբ հայրը վնասվում է, և այլևս չի կարողանում ուղղորդել իր զորքը, նա խնդրում է որդուն խոսք տալ, որ կտանի զինվորներին իր ետևից և հավատարիմ կլինի Երուսաղեմի թագավորին: