Աշխարհի մեծահարուստները կորոնավիրուսից փախչում են դեպի մասնավոր կղզիներ, բունկերներով առանձնատներ և մեկուսի դղյակներ

Աշխարհի մեծահարուստները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին վարակից խուսափելու իրենց տարբերակն ունեն, գրում է homesandproperty.co.uk-ը՝ մանրամասնելով, որ նրանք մեկնում են մասնավոր կղզիներ, շոտլանդական դղյակներ, հեռավոր առանձնատներ:

Այս մասին պատմել է Quintessentially Estates լյուքս դասի անշարժ գույքի և ծառայությունների մատուցման միջազգային գործակալության գլխավոր գործադիր տնօրեն Փենի Մոսգրուվը, որի պնդմամբ՝ համավարակի ֆոնին ինքն անընդհատ զանգեր է ստանում մեծահարուստներից, որոնք խնդրում են գնման կամ վարձակալման համար շոտլանդական դղյակներ, բունկերներով առանձնատներ, չբնակեցված կարիբյան կղզիներ գտնել:

Բացի այդ, շրջահայաց միլիարդատերերը մեկուսացած վայրերը հասնելու համար չեն ցանկանում իրենց մասնավոր օդանավերը կամ շքեղ զբոսանավերն օգտագործել. նրանք վարձակալում են տևական չարթերային ուղևորությունների համար նախատեսված զբոսանավեր ու ինքնաթիռներ, որպեսզի խուսափեն միջազգային օդակայաններում ու նավահանգիստներում կանգառներից:

Մեծահարուստների շրջանում քիչ չեն մարդիկ, ովքեր կորոնավիրուսի պատճառով երեխաներին ուսումնական հաստատություններ չեն ուղարկում և նրանց կրթում են տնային պայմաններում՝ մասնավոր ուսուցիչների միջոցով: