Հրդեհ, կռիվ, կողոպուտ․ Սարգիս Բազինյանը սովորեցնում է լիել պատրաստ բոլոր իրավիճակներում

 Սարգիս Բազինյանի՝ «Եղիր պատրաստ» հեղինակային հաղորդումն իր տեսակով հայկական հեռուստաեթերում եզակի է․վերջինիս շրջանակներում Սարգիսը հայկական շոու-բիզնեսի աստղերի հետ փորձում է սովորեցնել հեռուստադիտողին այնպիսի հնարքներ, որոնք չեն ուսուցանվում ոչ մի մարզասրահում կամ դպրոցում. ողջ մնալ հրդեհի ժամանակ, խուսափել գրպանահատներից, դուրս գալ ջրից՝ կապված  ձեռքերով, ցուցաբերել առաջին օգնություն դանակահարության ժամանակ, ինքնապաշտպանվել սեռական բռնության դեպքում ու շատ այլ վարպետաց դասեր անցկացնելով հայ հայտնիների հետ՝ Սարգիսը նպատակ ունի իրազեկել ու պաշտպանել բոլոր այն մարդկանց, ովքեր օրերից մի օր կառնչվեն նման դեպքերի հետ ու հիշելով իր խորհուրդները՝ կկարողանան ինքնապաշտպանվել։

Կրավ Մագա ֆեդերացիայի հիմնադիր Սարգիսը մանկուց զբաղվել է սպորտով ու մարտարվեստներով: Սպորտի վարպետ է տարբեր ուղղություններով, սակայն հատուկ նշում է, որ ռինգն ու մրցագորգը  իրական կյանքից` փողոցից, շատ են տարբերվում: Տարիներ առաջ՝ 18 տարեկաում, Սարգիսի հետ կատարվեց մի դեպք, որը փոխեց նրա ողջ կյանքն ու նա հասկացավ, որ պետք է գտնել տարբերակ, որը կօգներ և՛ սպորտում, և՛ կյանքում լինել պատրաստ, ու հնարավորություն կտար սեփական իրավունքները, առողջությունը հավասարաաչափ ձևով պաշտպանելու համար: Երկար փնտրտուքներից հետո Սարգիսի ընտրությունը կանգնեց հենց Կրավ Մագա համակարգի վրա: Երկար ու ձիգ տարիներ սովորելուց և վերապատրաստվելուց հետո, նա համակարգը պաշտոնապես բերեց Հայաստան ու շատ արագ դարձրեց մասսայական:

Կրավ Մագան սպորտաձև կամ մարտարվեստ չէ, այլ ինքնապաշտպանության ու ձեռնամարտի համակարգ, որն այսօր աշխարհում համարվում է առաջատարներից մեկը։ Այն ունի տարբեր ուղղություններ՝ նախատեսված իրավապահ մարմինների աշխատակիցների, զինվորականների, ավիացիոն անվտանգության ու նաև սովորական քաղաքացիների համար։
Այսօր օր օրի այս համակարգով հետաքրքրվողների քանակը գնալով ավելանում է՝ կատարված աշխատանքների և ֆեդերացիայում մարզվողների դրական արձագանքների շնորհիվ։ Հիմա թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ ջանում են տիրապետել ինքնապաշտպանական հնարքների, իսկ
նախկինում երիտասարդները հաճախում էին մարզասրահներ՝ հետևելով իրենց առողջությանը, բայց միևնույն ժամանակ թերանում էին անվտանգության ու հոգեբանական պատարստվածության տեսանկյունից։

Իսկ ո՞րն է հոգեբանական պատրաստվածությունը։
«Բարեհաջող ինքնապաշտպանվելու համար անձը պետք է լինի սթրեսադիմացկուն, իսկ այդ ունակությունը զարգանում է միայն համապատասխան մարզումների դեպքում: Դրանք հատուկ վարժություններ են, որոնք ճիշտ մեթոդաբանությամբ աշխատացնելու դեպքում պատրաստում են հոգեպես կայուն մարտիկի, ով ի վիճակի է էքստրիմալ իրավիճակում արագ գործել»,- Showbiz.am կայքի հետ զրույցում ասում է Կրավ Մագա ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը և բացատրում, որ հոգեբանական պատրաստվածությունը օրգանիզմի սթրեսադիմացկունության աստիճանն է, որն էլ մարզիչներն աշխատում եմ բարձարացնել ինքնապաշտպանության հնարքները սաներին ուսուցանելու հետ մեկտեղ։
Օրինակ, էքստրիմալ իրավիճակում առնչվելով վտանգի գործոնի հետ՝ մարդիկ հոգեպես ձևափոխվում են՝ խուճապահար են լինում, ընկնում են հոգեբանական արգելափակման մեջ։ Կրավ Մագան օգնում է կոփել մարմինը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։

Սարգիս Բազինյանը փորձում է  բացատրել՝ ինչու է այսօր ինքնապաշտպանվելու ցանկությունը հասարակության մոտ այդքան մեծ․ ժամանակներն են վտանգավո՞ր, թե պարզապես հերթական թրեդներից է։
«Կարծում եմ այսօր մարդիկ շատ բծախնդիր ու պահանջկոտ են դարձել: Յուրաքանչյուր ոլորտից անկնկալում են մաքսիմալը: Իրականում, այդ բազմաֆունկցիոնալության փնտրտուքներն են մեր մարզվողներին բերում մեզ մոտ: Ինքնապաշտպանության համակարգը պատասխանում է միանգամից մի քանի հարցի։ Անհաղթելի դառնալ, ավաղ, հնարավոր չէ։ Բայց կարելի է սեղմ ժամկետներում սովորել ստանդարտ, առօրյա իրավիճակներում ինքնապաշտպանվել, նաև օգնել մտերիմներին: Մարզվողի պատրաստակամության առաջին լիարժեք փուլը տևում է 4 ամիս: Սակայն մեզ մոտ յուրաքանչյուր մարզում նաև դաս է, որի ժամանակ փոխանցվում են գիտելիքներ, ինչը կարող է մի օր փրկել մարդու կյանքը»,-պարզաբանում է  Սարգիսը։

Շատերին հետաքրքիր է՝ արդյո՞ք ավելի հեշտ չէ ձեռքի տակ ունենալ գազային զենք, էլեկտրահարող սարքեր, որոնք ավելի օգտակար կարող են լինել հանցագործի կամ մոլագարի հանդիպելու դեպքում, սակայն Սարգիսը պնդում է, որ դրանք վտանգի ժամանակ ավելի շատ խանգարում են, քան օգնում։
«Դե, եթե դա ավելի հեշտ կամ թույլատրելի լիներ, բոլորս էլ զինված կշրջեինք: Փորձը ցույց է տալիս, որ նույն գազային ատրճանակը վտանգի ժամանակ ավելի շատ խանգարում է, քան օգնում»,- ասում է Սարգիսը։

Բազինյանը նշում է, որ չի կարող ինքնապաշտպանությունը բաժանել ըստ սեռերի, քանի որ պաշտպանության կարիք բոլորն էլ ունեն, սակայն նկատում է, որ կանայք առավել մեծ կարևորություն են տալիս ինքնապաշտպանությանը։

«Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի ռեալ են գնահատում իրենց ուժերն ու սովորելիս փորձում են մաքսիմալ արդյունավետ դարձնել իրենց համար այն ժամանակը, որ ծախսում են մարզումների հաճախելիս: Մեր աղջիկները վերջին փուլում սկսել են մեծ ուշադրություն դարձնել իրենց առողջությանն ու կազմվածքին, ինչը շատ գովելի է: Իսկ ոմանք էլ, մի քայլ առաջ են գնացել, հասկանալով, որ առողջությունն ու գեղեցիկ մարմինը ձեռք են բերում մարզվելով, իսկ այն պահպանում են ինքնապաշտպանական դասընթացներին մասնակցելով»,- ժպիտով նկատում է Բազինյանը։

Սարգիսն ինչ-որ տեղ համաձայն է, որ ինքնապաշտպանության դասերի գալիս են միայն այն ժամանակ, երբ դանակը հասնում է կոկորդին, երբ արդեն հարձակման են ենթարկվել կամ նման տհաճ միջադեպի մեջ են հայտնվել։
«Մեզ մոտ ունենք մարզվողներ, որոնց ինքնապաշտպանությամբ զբաղվելու դրդապատճառ են հանդիսացել դժբախտ պատահարները: Բայց մեծ մասը գիտակցաբար է հաճախում մարզումների, որպեսզի այդ չարաբաստիկ պահին լինի պատրաստ»,- հիշում է նա։

Իր խոսքը ինքնապաշտպանության մասին Բազինյանը եզրափակում է՝ նշելով ամենակարևորը՝ ով է յուրաքանչյուր մարդու գլխավոր թշնամին։
Սարգիսը նկատում է, որ յուրաքանչյուր մարդու համար ամենավտանգավոր հակառակորդը հենց ինքն է ու պատմում, որ մարզումների ընթացքում առաջնահերթ սովորեցնում է հաղթել սեփական ծուլությունը, թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ։
«Փորձում ենք վերացնել մեր միջի նենգին, վհատին: Իսկ նման մարդիկ հավատացեք, անտեղի արկածներ չեն փնտրում: Չնայած ամեն դեպքում մեր աշխատակիցները, երբեմն նաև իմ մասնակցությամբ, պարբերաբար այցելում են մեր սաների ուսումնական հաստատություններ, ծանոթանում են նրանց վարքին, միջանձնային հարաբերություններին, առաջադիմությանը՝ անցանկալի հետևանքները բացառելու նպատակով»,- եզրափակում է իր խոսքը Բազինյանը։

Արդեն երկար ժամանակ է, ինչ Կրավ Մագա ֆեդերացիայում կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են պարամունքերը, սակայն կարանտինում չձանձրանալու համար Սարգիս Բազինյանը հետաքրիր տարբերակ է մտածել։ Նա ամեն օր՝ նույն ժամին, օնլայն մարզումներ է անցկացնում իր ֆեյսբուքյան էջում։
«20 րոպեից հանդիպում ենք ձեր ճաշասենյակում մարզվելու: Չուշանաք»,-ամեն օր գրում է Սարգիսը՝ նաև պահանջելով հետևորդներից կիսվել տեսանյութերով կամ լուսանկարներով, որպեսզի համոզվի, որ կարանտինի պատճառով իր սաները չեն ծուլացել ու մատնվել անգործության։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան