«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն առցանց չի կազմակերպվի. ժյուրին դեռ չի որոշել հաղթողներին

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, ինչպես մյուս բոլոր մշակութային իրադարձությունները, այս շրջանում չեղարկվել է։

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, մրցանակակիրների անունները առցանց էլ չեն հայտնի, քանի որ ժյուրին չունի վերջնական որոշումներ։ Արձանիկներն իրենց տերերին կհանձնվեն ավելի ուշ։

Համաշխարհային մի շարք փառատոններ և մրցանակաբաշխությունն այս տարի ընտրել են օնլայն ձևաչափը։ Սակայն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրել է, որ «Արտավազդ»-ի դեպքում դա հնարավոր չի եղել իրականություն դարձնել, քանի որ ժյուրին դեռ չի դիտել բոլոր ներկայացումները, հաղթողների անունները կազմակերպիչներն էլ չունեն։

Տիգրան Վիրաբյանը հայտնել է, որ այս տարի մրցանակաբաշխությունը բաց չեն թողնի, այն անպայման տեղի կունենա, սակայն այն ժամանակ, երբ մշակութային կառույցները կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։