Ինչպե՞ս համատեղել կարանտինն ու արվեստը․ հայկական արվեստին մասնակից դարձեք առցանց

#ՄնաՏանը․ այժմ ցանկացած խոսակցության կամ զրույցի մաս է կազմում այս բառակապակությունը։ Կորոնավիրուսի համավարակի ֆոնին բազմաթիվ մշակութային կենտրոններ իրենց գործունեությունը տեղափոխել են օնլայն տիրույթ, այդպիսով՝ այդ քայլով մարդկանց խրախուխում և հորդորում են մնալ տանը և հետևել իրենց նախագծերին ավելի ապահով միջավայրում։
Ձեզ ենք ներկայացնում այն թատրոնները, թանգարաններն ու պատկերասրահները, որոնք այս օրերին շարունակում են իրենց գործունեությունը առցանց տիրույթում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կիրականացվեն մշակութային միջոցառումներին նվիրված ֆիլմերի մի շարք պրեմիերաներ։

«Ունենք մի քանի կարևոր ֆիլմ, որոնց պրեմիերաները կլինեն առաջիկայում։ 2019 թ-ը մեզ համար Կոմիտասի և Թումանյանի նշանավորման տարի էր, և մենք պատրաստել ենք ֆիլմեր, որոնք որոշակիորեն հաշվետու ֆիլմեր են կատարված աշխատանքների վերաբերյալ։ Կցուցադրենք նաև մեր նախարարության աջակցությամբ իրականացված «Դասարան+Դասական» նախագծի, ինչպես նաև «Ֆրեսկո» միջազգային փառատոնի ֆիլմերը»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առցանց իրականացվող ծրագրերը

Ինչպես հանրապետության մյուս մշակութային օջախները, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության արդյունքում անցել է առցանց աշխատանքային ռեժիմի։

Առցանց հարթակում տուն-թանգարանն այցելուներին առաջարկում է «360 stories» ցանցում վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ մշտական ցուցադրությանը:

«Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. նամականի» շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով, տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն: Նախատեսվում է նաև այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նույնպես անցկացնել այս հարթակում:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն առցանց հարթակում կիրականացնի կրթական և ճանաչողական ծրագրեր

Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը օնլայն հարթակում ցուցադրելու է տասը բեմադրություն, որոնք թատրոնի ընթացիկ խաղացանկում չկան։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։

«Հայրենակիցներ՝ դրամատիկական թատրոնի սիրելի հանդիսատես, մարտի 19-ին մեր թատրոնը «Ավտոբուս» ներկայացումով սկսեց իր online ցուցադրությունները, մինչև կորոնավիրուսի պատճառով թատրոնի դահլիճում մեր հանդիպումների արգելքի վերացումը, իսկ մենք համոզված ենք, որ բոլորիս ջանքերի շնորհիվ դա կլինի շուտով։ Մենք Ձեզ համար կցուցադրենք 9-10-ը տարբեր ներկայացում, որոնք մեր ընթացիկ խաղացանկում չկան: Սա մեր 50-ամյա պատմությունն է։
Ներողություն ենք խնդրում տեսանյութերի ոչ բարձր որակի համար։
Բարի դիտում և առողջություն բոլորիս»,- նշել է նա։

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացումները կցուցադրի վիրտուալ տիրույթում

Մեկնարկում է նաև «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Սիրելի՛ փոքրիկներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը:

Արդեն իսկ 14 լավագույն հայկական մուլտեր եւ անիմացիոն ֆիլմեր կարող եք դիտել մեկ հարթակում: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկը կհամալրվի:

Ձեզ կմիանան նաեւ այդ ֆիլմերը ստեղծողները եւ այլ ստեղծագործողներ՝ ռեժիսորներ, օպերատորներ, կինոգետներ ու կպատմեն շատ հետաքրքիր պատմություններ:

Առաջինը մուլտարվեստի մասին ձեզ կպատմի հայկական անիմացիայի լավագույն անուններից մեկը՝ ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանը: Դուք շատ հետաքրքիր տեղեկություններ կիմանաք այդ զարմանահրաշ արվեստի մասին: Նաիրա Մուրադյանը ստեղծել է բազմաթիվ մուլտեր, անիմացիոն ֆիլմեր: Այս հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» եւ «Կիկո» հրաշալի գործերը:

Արվեստասերների հետ կապը չկորցնելու նպատակով Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այս օրերին տարբեր նախաձեռնություններ է իրականացնում վիրտուալ տիրույթում՝ փորձելով յուրովի ակտիվացնել մշակութային կյանքը:

Թանգարան-ինստիտուտի Ֆեյսբուքի էջում գործում է «360 Tour In Komitas Museum-Institute» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս առցանց այցելել թանգարան-ինստիտուտ: Հեռախոսում «360 Stories» հավելվածն ավելացնելու դեպքում հնարավոր կլինի վիրտուալ այց կատարել նաև այլ մշակութային հաստատություններ:

Թանգարան-ինստիտուտը պարբերաբար իրականացնում է կրթական ծրագրեր, որոնց շրջանակում երեխաներին երգ-երաժշտություն են սովորեցնում, անցակցնում հեքիաթի ժամեր և այլն։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը վիրտուալ հարթակում հանդես կգա հետաքրքիր ծրագրերով

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում  ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է:

«Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ցուցահանդեսը երկարաձգելու շուրջ համաձայնության է եկել հավաքորդ Ալեքսանդր Շադրինի հետ: Բայց մենք չենք կարող հստակ ասել, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով»,- հայտնել է Հայաստանի ազգային պատկերասրահի մամուլի ծառայության պատասխանատու Անուշ Նիկողոսյանը։

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն պետք է բաց լիներ մինչև ապրիլի 26-ը:

Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից մեկը:

Ազգային պատկերասրահում բացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կերկարաձգվի