Դենիել Քրեյգը հայտնել է, որ իր երեխաներին «ոչ մի կոպեկ» չի թողնելու

Հոլիվուդյան դերասան Դենիել Քրեյգը հայտնել է, որ իր 125 մլն դոլար կարողությունից ոչ մի կոպեկ չի թողնի իր երեխաներին, քանի որ ժառանգելու գաղափարը «տհաճ» է համարում, գրում է Independent-ը։

«Իմ փիլիսոփայությունն է՝ մահից առաջ ազատվել կարողությունից կամ այն մեկ ուրիշին տալ։ Ես չեմ ուզում մեծ գումարներ թողնել իմ հաջորդ սերնդին»,- Saga ամսագրի հետ զրույցում ասել է դերասանը։

52-ամյա Քրեյգն ունի երկու երեխա, որոնցից մեկը՝ նախորդ ամուսնությունից։ Դենիել Քրեյգն ամուսնացած է դերասանուհի Ռեյչել Վայսի հետ։

Քրեյգը, որը 2018 թվականին հայտնվել էր Sunday Times-ի հարուստ մարդկանց ցուցակում, ասել է նաև, որ երազում էր սուպերհերոսի դերում հանդես գալ, երբ դեռ նոր էր մտել կինոարվեստ։

«Ցանկանում էի խաղալ ցանկացած հերոսի՝ Սուպերմենի, Սարդ-մարդու, Անտեսանելի մարդու, նույնիսկ հին ու բարի կովբոյի կերպարում», – ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր մասի պրեմիերան կորոնավիրուսի բռնկման ֆոնին գարնանից հետաձգվել է մինչև 2020թ. նոյեմբեր: