Մեկուսացած լուսանկարիչը գտել է մոդելներին նկարելու եղանակ (լուսանկարներ)

Կորոնավիրուսային համավարակի պատճառով մեկուսացած իտալացի լուսանկարիչ Ալեսիո Ալբին գտել է իր մոդելներին նկարահանելու միջոց, հայտնում է Lenta.ru-ն: Վեբ-տեսախցիկով և բջջային հավելվածներով կատարված լուսանկարները նա հրապարակում է Ինստագրամի իր էջում:

Մոդելները լուսանկարվում են իրենց բնակարաններում: Անցած շաբաթվա ընթացքում լուսանկարիչը նկարել է իտալուհիներ Էլիս Պագանիին և Կիարա Շելսիին, ինչպես նաև ռուս Ալինա Բոբիլևային:

«Ես և Ալինան կարանտինի մեջ ենք միմյանցից 200 կմ հեռավորության վրա: Պարզապես այն նկարահանել ենք վեբ-խցիկի միջոցով: Ինքնամեկուսացումը չի խոչընդոտում ստեղծագործականությանը: Մնացեք տանը: Մենք դրանում միասնական ենք»,- ասել է նա:

Համաճարակի ընթացքում արված նկարները հավաքել են տասնյակ հազարավոր հավանումներ և  արժանացել երկրպագուների խանդավառ մեկնաբանություններին։