«Նախորդ տարվա փետրվարին կյանքս փոխվեց այդ նվերից հետո»․ Շուշան Երիցյանը իր կյանքում տեղ գտած կարևորի և ներկայիս զբաղվածության մասին

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը ներկայումս հեռուստատեսային զբաղվածություն չունի, համեմատաբար, ավելի պասիվ է նաև սոցցանցերում։ Մոդելը նաև մոտավորապես մեկ տարի է, ինչ ունի իր սեփական բիզնեսը։ 
ShowBiz.am-ը Շուշանի հետ զրուցել է  նրա ներկայիս պլանների և զբաղվածության, գեղեցկության մրցույթների, իր կանացիության գաղտնիքի, հիշարժան նվերների, հակառակ սեռի ուշադրության և շատ այլ հետաքրքիր հարցերի մասին։

Ի՞նչ նոր ծրագիր, նախագիծ կամ պարզապես ի՞նչ նպատակ ունեք կապված ապագայի հետ։

Այս ամսին նախատեսել եմ նոր ֆոտոշարք ներկայացնել։ Վերջին շրջանում բավականին պասիվ եմ սոցցանցերում, կփորձեմ նաև ժամանակ գտնել, որպեսզի այնտեղ  էլ ակտիվությունս վերականգնեմ։

Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք։

Հիմա նկարահանվում եմ նոր գեղարվեստական ֆիլմում, սակայն մանրամասներ դեռևս չեմ կարողանա ներկայացնել։

Ձեր կարծիքով ո՞րն է հայուհիների արտաքին կամ ներքին առանձնահատկությունը, որով տարբերվում են մյուսներից։

Յուրաքանչյուր ազգ և յուրաքանչյուր կին ունի իրեն բնորոշ գծերն ու առանձնահատկությունները, մեր հայուհիների մեջ կառանձնացնեմ կանացիությունն ու իրենց ներքին ջերմությունը։

Կա՞ մի գիծ կամ ինչ-որ բան, որը չեք հավանում հայ կանանց մեջ։

Ինձ թվում է՝ դա ինքնավստահության պակասն է, սակայն կսխալվեմ, եթե ասեմ, որ բոլորն այդպիսին են։

Շատերը նշում են, որ գեղեցկության մրցույթներում որոշումները կայացնում է ծանոթբարեկամը, ի՞նչ կասեք այդ մասին։

Սրանք արդեն հնացած կարծրատիպեր են։ Եթե արժանի ես, ապա ամեն դեպքում հաղթանակը քոնը կլինի։

Հակառակ սեռի կողմից հաստատ չափազանց մեծ ուշադրության եք արժանանում, ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

Իմ մասնագիտության մեջ սխալ կլիներ դրան շատ մեծ ուշադրություն դարձնելը։ Ինձ համար դա շատ նորմալ երևույթ է։

Ձեր սիրտը զբաղվա՞ծ է, Ձեր կարծիքով կնոջ համար ե՞րբ է ընտանիք կազմելու իդեալական տարիքը։

Տարիք կամ ինչ-որ ժամկետներ չեմ ցանկանում նշել, դրանք ուղղակի թվեր են։ Կարծում եմ, երբ Աստված կամենա։

Հայ գեղեցկուհիներից կամ պարզապես հայտնիներից, ո՞ւմ տեսքն է Ձեզ ամենից շատը դուր գալիս։

Ես ցանկացած կնոջ մեջ էլ կարողանում եմ նկատել գեղեցիկը։ Եվ կարծում եմ՝ սխալ կլինի այս պահին ինչ-որ մեկին առանձնացնելը։

Չէ՞ որ գեղեցկությունը միայն արտաքինը չէ, որո՞նք են ըստ ձեզ կանացիության գլխավոր կանոնները։

Համաձայն եմ։ Կարծում եմ, որ շատ անհրաժեշտ է ունենալ նաև ներքին խաղաղություն, հավասարակշռություն և կանացի իմաստնություն։

Ձեզ նախանձողները հաստատ շատ են, չարախոսներից ի՞նչ բամբասանքներ եք լսում, որոնք ծիծաղեցնում կամ զայրացնում են Ձեզ։

Հիմա գրեթե բամբասանքներ չեմ լսում իմ մասին։ Ինչպես նախկինում, այժմ էլ փորձում եմ չարախոսությունների և նախանձի առիթ չհանդիսանալ։

Ո՞րն է երկրպագուներից կամ մտերիմներից ստացած ամենահիշարժան արարքը կամ նվերը։

Նախորդ տարվա փետրվարին կյանքս փոխվեց այդ նվերից հետո (չեմ կարող նշել՝ թե ինչ նվեր է եղել)։

Ինձ համար գեղեցկությունը դա մարդու լուսավորությունն է։

Կինը պետք է լինի առաջին հերթին ինքն իրեն սիրող և գնահատող։

Կինը երբեք չպետք է կորցնի իր կանացիությունն ու վեհությունը։

Կյանքիս գլխավոր նպատակը գաղտնիք է))

Իմ կարգախոսն է ապրել հիմա ու այստեղ։

Երբեք չեմ անի երբեք բառից միշտ զգուշանում եմ։

Կընտրեմ միայն այնպիսի տղամարդու, ում կողքին կարող եմ ինձ թույլ ու պաշտպանված զգալ։

Տղամարդու տեսքի մեջ սիրում եմ աչքերը, ձեռքերը և ամենակարևորը՝ էներգետիկան։

Երբեք չեմ ների չգիտեմ՝ ինչը չեմ ների, չեմ էլ հիշում ներելու առիթներ կյանքումս, ինձ մոտ ամեն բան հարթ և ներդաշնակ է։

Քնելուց առաջ միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն իմ կյանքի համար։

Երբ արթնանում եմ իմ գլխավոր միտքն է առավոտյան ես միշտ մեդիտացիա եմ անում ու աշխատում հեռու վանել բացասական մտքերն ինձնից։

Իմ գլխավոր մաղթանքը, որ  ամեն մարդ գտնի իր միջի լույսը և բացահայտի իր անսահման հնարավորությունները։

Նյութը՝ Լուս Ավագյանի