Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրք օգտատերերին

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջում ներկայացրել է հայկական լահմաջոն։ Նա հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ լահմաջոն անվանել է հայկական պիցցա։

«Ո՞վ գիտի՝ ինչ է սա։ Սա մեր հայկական լահմաջոն է»,- ասել է Քարդաշյանը։

Քարդաշյանի այս հրապարակումը նրան հետևող թուրք օգտատերերից շատերի սրտով չի եղել։

Ինստագրամում 163 մլն հետևորդ ունեցող աստղը, որ կարանտինի օրերին շատերի նման ինքնամեկուսացվել է տանը, արևելյան հայտնի ուտեստ՝ լահմաջո է պատվիրել և այն անվանել «հայկական պիցցա»։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայում նույնպես շատ տարածված լահմաջոյի մասին տեսանյութը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել Քարդաշյանի լուսանկարների տակ։ Քարդաշյանի տեսանյութին արձագանքել են նաև Թուրքիայում հայտնի երգչուհիներ Դեմեթ Աքալընը և Էբրու Փոլաթը։

Աքալընը Քարդաշյանի հրապարակած լուսանկարի տակ անգլերեն գրել է․ «Լահմաջոն թուրքական է», իսկ Փոլաթը թուրքերեն է գրառումն արել․ «Լահմաջոն հայկական պիցցա չէ, հարգելիս»։

Նշենք, որ լահմաջոն հաճախ անվանում են հայկական և արաբական պիցցա։