Բռնություն, էրոտիկա․ «HAPPY BDAY 2U»  18+ ֆիլմի մանրամասներն ու զավեշտալի դեպքերը նկարահանման հրապարակից

Հովհաննես Ղազարյանն ու սցենարիստ Արման Գիզյանը շուտով կինոսերների դատին կներկայացնեն «HAPPY BDAY 2U» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ նկարահանվել են հայտնի դերասաններ Համլետ Ղազարյանը, Ժաննա Վելիցյանը, Լիլիթ Սալնազարյանը, Մերի Մովսեսյանը, Անդրանիկ Հակոբյանը և ուրիշներ։

«Ֆիլմում նկարահանվող բոլոր դերասանները հիմնականում իմ մտերիմ ընկերներն են»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է  ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ու հավելում․ «Մինչև նկարահանումները սցենարիստի հետ մեկ առ մեկ հանդիպել ենք բոլոր դերասաններին, ներկայացրել ենք սցենարն ու առաջարկել ենք նկարահանվել ֆիլմում։ Եթե չունես դերասան ընկերներ, միանշանակ, ֆինանսներ են պահանջվում նրանց ֆիլմում նկարահանելու համար։ Սակայն դերասաններն այնպիսի մարդիկ են, որոնց չես կարող խաբել ֆինանսներով, եթե նրանց դուր չի գալիս գաղափարը, մանավանդ այն դերասանները, որոնք իմ շրջապատում են։ Ֆիլմի յուրահատուկ երաժշտական ձևավորումն ապահովել է Արմեն Եդիգարյանի «Ռոզեն Թալ» ռոք-խումբը։
Հատուկ չեմ մտածել ֆիլմի համար ընտրել հայտնի դերասանների, պարզապես, ֆիլմը նկարահանելուց ամեն կերպարում կոնկրետ մարդու եմ պատկերացրել։ Իմ ֆիլմը կոմերցիոն չէ, ու ֆիլմը վաճառելու խնդիր չունեի։ Ֆիլմն իմ ու սցենարիստ ընկերոջս ներքին հույզերն են
»։

 

Հովհաննեսը պատմում է, որ «HAPPY BDAY 2U»-ն նկարահանելու միտքն առաջացավ ստեղծագործական քաղցի պատճառով, իսկ խոսելով ֆիլմի գաղափարի մասին՝ նա ասում է«Ֆիլմի գաղափարն առաջացավ, երբ ես ու սցենարիստ Արման Գիզյանը սկսեցինք մտածել՝ ինչ թեմաներ են մեզ հուզում։ Այդ հարցերը Արմանը վերածեց սցենարի ու այդպես էլ ծնվեց ֆիլմի գաղափարը։
Ֆիլմը գաղափարների միքս է՝ ընտանիքերեխա փոխհարաբերություն, ընտանիքում միջանձնային հարաբերություններ, կեղծիք և շատ այլ հարցերի ամբողջություն»։

Երիտասարդ ռեժիսորը խոստովանում է, որ մեր օրերում, միանշանակ, հեշտ չէ որակյալ ֆիլմ նկարահանելը։

«Անգամ անորակ ֆիլմ նկարելը հեշտ չի»,-կատակում է Հովհաննեսն ու շարունակում․ «Ֆիլմը թիմային աշխատանքի արդյունք է, իսկ թիմ հավաքելու համար հարկավոր է գաղափար ու գաղափարակիցներ, ովքեր կգան քո հետևից։ Որակյալ ֆիլմ ստանալու համար, իհարկե, հարկավոր է գումար, տեխնիկա, դերասաններ ու լիքը բաներ, որոնք էսթետիկ առումով ֆիլմը որակյալ կդարձնեն։ Հիմա շատերն ինձ հետ կարող են չհամաձայնվել՝ ասելով, որ կարևորը գաղափարն է։ Անշուշտ, գաղափարն է կարևորը, սակայն եթե այն անորակ ձևով ներկայացնես, քեզ ոչ ոք չի հասկանա»։

Հովհաննեսը դեռ ուսանողական տարիքից սկսել է նկարահանել ֆիլմեր։ Նա պատմում է, որ երկար ժամանակ ակտիվ գործունեություն էր ծավալում կոմերցիոն նախագծերում (աշխատել է տեսահոլովակների, սերիալների վրա) և ստեղծագործական դադարից հետո նրա մոտ, պարզապես, ստեղծագործական քաղց էր առաջացել, ինչի շնորհիվ էլ որոշվեց ֆիլմ նկարահանել։
Ղազարյանը հիշում է, որ նկարահանման ընթացքում եղել են և՛ ծիծաղելի, և՛ «տխուր» դեպքեր։

«Նկարահանման ընթացքում դերասաններից Համլետ Ղազարյանը, ով գլխավոր հերոսուհու եղբայրն է, գիշերային տեսարանի ժամանակ պետք է պարզապես քայլեր։ Այդ ժամանակ Համլետին հարցրի՝ ինչ ներքնազգեստ ես հագել, բոլորը մտածեցին կատակ եմ անում, սակայն Համլետին ստիպեցինք հանվել՝ այդ տեսարանը նկարահանելու համար»,- ժպիտով հիշում է ռեժիսորը։

Հովհաննեսը պատմում է նաև նկարահանման ընթացքում տեղի ունեցած անհաջող դեպքի մասին«Ունենք տեսարան նաև փաբում, որտեղ հավաքվել էին 30-ից ավելի մարդ, Գյումրիից հատուկ ժամանել էր Արսենը Միքայելյան, պետք է նկարահանեինք 1 րոպեանոց տեսարան, որը փորձեցինք 4 ժամ, ու հենց եկավ ժամանակը նկարահանելու այդ տեսարանը, թաղամասում լույսերն անջատեցին։ Այդքանին կարողացա հավաքել միայն 15 օր անց»։

Հովհաննես Ղազարյանի «HAPPY BDAY 2U» ֆիլմը նախատեսված է 18+ լսարանի համար։ Թե արդյո՞ք ռիսկային չի հայ հանդիսատեսին ներկայացնել նման համարձակ ֆիլմ, Հովհաննեսը պարզաբանում է«Այո, իմ ֆիլմում կա բռնութուն, էրոտիկա։ Ռիսկային չի ներկայացնել հեռուստադիտողին նման ֆիլմ, որովհետև նույն հեռուստադիտողը դիտում է Տարանտինոյի, Կասպար Նոեի ֆիլմերը, ու եթե իրենց հայրենակիցն է ներկայացնում նման ֆիլմ, պետք է ներկայացնի ռիսկով, որովհետև գիտի՝ ով է ֆիլմի թիրախային խումբը։ Ռիսկային կլիներ, եթե ֆիլմը վաճառքի ու մեծ լսարանի համար լիներ։

Օրինակ՝ Տարանտինոն կարող է իր ֆիլմում մի քանի անգամ օգտագործել «նիգեր» բառը, բայց եթե դա անի այլ ռեժիսոր, նրան, պարզապես, կոչնչացնեն։ Անկեղծ ասած, ես դեռ չունեմ այն հայտնիությունը, որ կարողանամ կոմերցիոն ֆիլմում համարձակ տեսարան նկարահանել, ու պետք է դա անեմ աստիճանաբար՝ սկսելով փառատոնային ֆիլմերից»։

Բեմադրող օպերատոր Վահե Ադամյանը  պատմում է՝ Հովհաննես Ղազարյանի հետ որոշեցին նկարահանել կարճամետրաժ ֆիլմ, որովհետևՀայաստանում դժվար է նկարահանել ինքնաֆինանսավորվող լիամետրաժ ֆիլմ։

«Այս ֆիլմը, ինչպես մեր մյուս աշխատանքները, արված է ամբողջապես մեր միջոցներով։ Բացի այդ, չեմ կարծում, որ մեր ֆիլմի ասելիքն ու ֆորմատը կֆինանսավորվեին,  որովհետև մենք չենք նկարել մեծ դահլիճներ լցնող փոփքորնային ֆիլմ»,- բացատրում է Վահեն ու հավելում, որ որպես բեմադրող օպերատոր իր առջև խնդիր էր դրված ֆիլմի ասելիքն ամբողջովին տեղ հասցնել  ոչ ստանդարտ օպերատորական լուծումներով։

«Ֆիլմում կան մի կադրով տեսարաններ, որոնք սահմանափակ տեխնիկական ու մարդկային ռեսուրսների դեպքում այնքան էլ հեշտ չի ստանալը, բայց ի շնորհիվ մեր թիմի, ովքեր հանուն էնտուզիազմի մինչև վերջ նվիրվեցին, մեր առաջ դրված նպատակները կարողացանք ի կատար ածել»,-պատմում է Վահեն։

Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը եզրափակելով իր խոսքը՝ հայտնում է, որ ֆիլմի պրեմիերան, որը պետք է կայանար ապրիլ ամսին, հետաձգվել է։
«HAPPY BDAY 2U»-ն կինոսերը կկարողանա տեսնել մեծ էկրաներին հունիսին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան