Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և կնոջ անվտանգության ծախսերը, Սասեքսներն արձագանքել են

Ամերիկյան իշխանությունները չեն վճարի, լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի անվտանգության ապահովման ծախսերը: Այս մասին մարտի 29-ին Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես թագուհու և Մեծ Բրիտանիայի ընկերն ու մեծ երկրպագուն եմ։ Լուրեր են շրջանառվում, որ Հարրին և Մեգանը, որոնք լքել են թագավորությունը, մշտական բնակություն են հաստատելու Կանադայում: Այժմ նրանք Կանադայից ԱՄՆ են եկել, սակայն Միացյալ Նահանգները չի վճարի նրանց անվտանգության ապահովման ծախսերը։ Նրանք պետք է վճարեն»,- գրել է Թրամփը։

Այս գրառմանն ի պատասխան Սասեքսի դքսի և դքսուհու պաշտոնական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է BBC-ն, հայտնել է, որ արքայազն Հարրին և նրա ընտանիքի անդամները մտադիր չեն ԱՄՆ իշխանություններից պահանջել վճարել իրենց անվտանգության ծախսերը։

«Դուքսն ու դքսուհին մտադիր չեն ամերիկյան կառավարությանը խնդրել միջոցներ հատկացնել իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Անվտանգության կազմակերպումն արդեն վճարվել է մասնավոր աղբյուրներից», – հայտարարել է ամուսինների ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին ինքնամեկուսացել են Լոս Անջելեսում, որտեղ վերջերս էին տեղափոխվել Վանկուվերից։