Կանադայում նկարահանվել է կորոնավիրուսի մասին առաջին ֆիլմը (տեսանյութ)

Իրանական արմատներով կանադացի ռեժիսոր Մոստաֆա Քաշվարին նկարահանել է կորոնավիրուսի մասին «Կորոնա» դրաման, որի գործողությունները զարգանում են վերելակում, գրում է startfilm.ru կայքը՝ մանրամասնելով, որ երբ մի քանի մարդ վերելակի մեջ է մնում կորոնավիրուսի կասկածյալ վարակակիր չինացի աղջկա հետ, նրանց ամբողջ ագրեսիան, վախն ու ռասիզմը դուրս են հորդում:

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել փետրվարին` Վանկուվերում: Այժմ կինեմատոգրաֆիստները ֆիլմն առաջարկում են առցանց կինոթատրոններին:

«Ֆիլմի գաղափարն իմ մտքում ծնվեց, երբ վերելակի մեջ նորություններ էի կարդում չինացի զբոսաշրջիկների մասին, որոնք տեղացիների կողմից հարձակման էին ենթարկվում: Արդյունքում որոշեցի այդ թեմայով նկարահանել մի ֆիլմ, որի գործողությունները կզարգանան վերելակում»,-պատմել է Քաշվարին:
Ֆիլմի տևողությունն ընդամենը 1 ժամ 3 րոպե է:

Ըստ սյուժեի, 6 հարևան կորոնավիրուսի տարածման ժամանակ արգելափակվում են վերելակի մեջ: Նրանք վայրկենապես սկսում են կասկածել, որ վերելակում գտնվող 7-րդ անձը` չինացի աղջիկը, կարող է վարակված լինել կորոնավիրուսով և մինչև փրկարարների գալը կարող է իրենց էլ վարակել:

Ավելի իրական պատկեր ստանալու համար ֆիլմը նկարահանվել է ձեռքի տեսախցիկով, ռեժիսորը դերասաններին առաջարկել է իմպրովիզացիաներ անել, որպեսզի արտահայտվի նրանց վախը վարակի նկատմամբ:

Հատկանշական է, որ նկարահանումների ժամանակ Քաշվարին դեռ չգիտեր, որ կորոնավիրուսը կվերաճի համաշխարհային համավարակի: Նրան հետաքրքրում էր ռասայական խտրականության հարցը: «Վիրուսը մարդկանց չի ընտրում ռասայական պատկանելիությամբ: Ինչո՞ւ մենք պետք է մի ազգին մյուսից վատը համարենք»,- ասել է ռեժիսորը: