Դրեյքը, The Weeknd-ը և Ջեյ Քոուլը տեսակապով զրուցել են իրենց քաղցկեղով հիվանդ 11-ամյա երկրպագուի հետ (տեսանյութ, լուսանկարներ)

Երաժիշտներ Դրեյքը, The Weeknd-ը և Ջեյ Քոուլը տեսակապով զրուցել են իրենց երկրպագուի՝ քաղցկեղով հիվանդ 11-ամյա Էլայջա Պատրիկ Ուիլյամսի հետ, նախքան վերջինիս մահը, հայտնել է տղայի զարմիկ Մայքլ Ուոթսոնը, գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ երաժիշտներն անձամբ են զանգահարել Վիրջինիա նահանգում բնակվող 11-ամյա տղային։ Մայքլ Ուոթսոնի՝ Ինստագրամում հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է իրեն սիրող ընտանիքով և ընկերներով շրջապատված Էլայջան զրուցում իր սիրելի կատարողների հետ։

Տեսահոլովակի դրվագներում տղան շփվում է The Weeknd-ի հետ, որը հայտնում է, որ իր համար «մեծ պատիվ է լինել նրա սիրելի կատարողներից մեկը»։

«Հաճելի է քեզ հետ ծանոթանալ, սիրում եմ քեզ, եղբայր»,- ասել է Ջեյ Քոուլը։

«Վերջին 3 տարիների ընթացքում իմ 11-ամյա զարմիկ Էլայջան մեծագույն տոկունությամբ պայքարել է քաղցկեղի դեմ։ Էլայջայի ֆիզիկական պայքարն այժմ ավարտված է, քանի որ նա այս ուրբաթ երկրից երկինք գնաց»,- գրել է տղայի զարմիկը։

Տղայի մայրն անձամբ շնորհակալություն է հայտնել արտիստներին՝ գրելով․ «Նրանք իմ երեխային սիրով շրջապատեցին նրա կյանքի վերջին դժվարին օրերին»։