«Եվրատեսիլ 2020»-ը կփոխարինվի շուրջ երկու ժամ տևողությամբ օնլայն-համերգով

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները գովազդել են օնլայն-համերգ՝ մրցույթի փոխարեն, որը կկայանա մայիսի 16-ին և կտևի շուրջ 2 ժամ: Այս մասին հայտնում է Eurovision TV-ն:

Նշվում է, որ օնլայն-ռեժիմով ելույթ կունենան ինչպես 2020 թվականի, այնպես էլ նախորդ տարիների լավագույն մասնակիցները: Շոուն ստացել է Eurovision: Europe Shine A Light (Եվրոպան փայլում է լույսով) անվանումը:

Համերգը մրցութային բնույթ չի կրի, այլ ցուցադրական: Այն կհեռարձակվի Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական ալիքով: Նման ձևով կազմակերպիչները ցանկանում են փոխհատուցել մրցույթի չեղարկումը, որը պետք է կայանար Ռոտերդամում, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկվել էր:

«Մենք ուզում ենք միավորել Եվրոպան հեռուստատեսային յուրահատուկ այս թողարկմամբ: Կոչ ենք անում հեռարձակող ընկերություններին և մյուս երկրներին ցուցադրել այն՝ միասնության և միավորման ոգով»,- ասել են կազմակերպիչները:

Համերգը կվարեն հոլանդացի դերասանուհի Շանտալ Յանզենը, երգչուհի Էդսիլյա Ռոմբլին, ով 1998 և 2007 թվականներին հանդես է եկել որպես մասնակից, ինչպես նաև Յան Սմիթը: Այլ մանրամասների մասին տեղեկություններ կփոխանցվեն առաջիկա շաբաթների ընթացքում: