Թաիլանդի թագավորը ինքնամեկուսացել է արտասահմանում հարեմի՝ իր 20 կանանց հետ

Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Ռամա 10-րդն ինքնամեկուսացել է արտերկրում գտնվող շքեղ հյուրանոցում հարեմի՝ իր 20 կանանց հետ: Այս մասին հայտնել է Daily Mirror-ը:

67-ամյա թագավորը վերցրել է գերմանական Grand Star Sonnenbichl չորս աստղանի հյուրանոցի բոլոր համարները և որոշել որոշ ժամանակով մնալ այնտեղ, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Գերմանիայի իշխանությունները պաշտոնական թույլտվություն են տվել Ռամա 10-րդին՝ երկիր մուտք գործելու և հանգստանալու համար՝ չնայած համընդհանուր մեկուսացման ռեժիմին:

Այն պահից, երբ նրա ուղևորության լուրը հայտնվել է սոցիալական ցանցերում, Թաիլանդի բնակիչները Թվիթերում տեղադրել են նոր հեշթեգ, որը թարգմանաբար նշանակում է. «Մեր ինչի՞ն է պետք թագավորը»: Այս հեշթեգի տակ արդեն արվել է ավելի քան մեկ միլիոն հրապարակում: Տեղի բնակիչները իրենց վրդովմունքն են հայտնել Թաիլանդի օրենսդրության հետ կապված, համաձայն որի՝ մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում միապետությանը վիրավորելու համար։