Իդրիս Էլբան երկրպագուներին իր և կնոջ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել

Հոլիվուդյան դերասան Իդրիս Էլբան իր և կնոջ առողջական վիճակի մասին տեղեկություններ է հաղորդել՝ նշելով, որ Նյու Մեխիկոյում սահմանված երկշաբաթյա կարանտինն արդեն ավարտվել է, գրում է Daily Mail-ը։

«Ցանկանում էի ձեզ մի փոքր տեղեկություն հաղորդել մեր առողջական վիճակի մասին․ մենք լավ ենք, մեզ մոտ հիվանդությունը ասիմպտոմատիկ է»,- հայտնել է 47-ամյա դերասանը Թվիթերում։

«Սահմանված կարանտինի ժամկետն ավարտվել է, բայց մենք անորոշ վիճակում ենք։ Մենք չենք կարող տուն վերադառնալ ինքնաթիռով, այնպես որ ստիպված ենք մի քիչ էլ սպասել, իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է, ու մենք երախտապարտ ենք, որ վատագույնն, ըստ երևույթին, արդեն անցյալում է»,- գրել է նա։

Նա նաև շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի պայմաններում առաջնագծում աշխատող բուժաշխատողներին։

Բրիտանացի դերասանն ավելի վաղ հայտնել էր, որ COVID-19-ի իր թեստը դրական պատասխան է ցույց տվել։