«Սկզբում ընտանիքս դեմ էր, քննադատությունների մեծ ալիք բարձրացավ ֆոտոշարքից հետո, շատ-շատ սիրում եմ Հայկին»․ անկեղծանում է դերասանուհի Վիկտորյա Սահակյանը - Showbiz.am

«Սկզբում ընտանիքս դեմ էր, քննադատությունների մեծ ալիք բարձրացավ ֆոտոշարքից հետո, շատ-շատ սիրում եմ Հայկին»․ անկեղծանում է դերասանուհի Վիկտորյա Սահակյանը

Թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը, ով այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, ակտիվ, կենսուրախ ու նպատակասլաց աղջիկ է, ով չնայած ընտանիքի դեմ լինելուն՝ դարձել է դերասանուհի և ուղղակի պաշտում է իր գործը։

ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ՝ քննարկելով ամենատարբեր հարցեր․ սերիալային կերպար, Հայկ Հովհաննիսյանի հետ մտերիմ հարաբերություններ, ընտանիքի հետ փոխհարաբերություններ, բաց տեսարաններ, կանացի երջանկության բանաձև և վերջապես տղամարդու իդեալ։

— Այժմ նկարահանվում եք «Երկուսով» հեռուստասերիալում Ձեր դերի հետ կապված հետաքրքիր ու անսպասելի փոփոխություններ կլինե՞ն, ի՞նչ նորությունների սպասի հեռուստադիտողը։

— Այո, այս շրջանում նկարահանվում եմ «Երկուսով» հեռուստասերիալում, իրականում այնքան դինամիկ է կերպարիս կյանքը, որ սցենարին ծանոթանալիս ինքս էլ հաճախ հանկարծակի եմ գալիս։ Ես հույս ունեմ ու կարծում եմ, որ արդեն իսկ կերպարս հետաքրքիր զարգացում ունի, այնպես որ հեռուստադիտողը հաստատ առիթ չի ունենա ձանձրանալու։ Սպասենք, ես էլ եմ սպասում էլ ավելի հետաքրքիր զարգացումների, տեսնենք՝ ոնց կլինի։

— Հետաքրքիր է՝ Ձեր և Ձեր մարմնավորած կերպարի միջև ինչոր նմանություններ տեսնում եք։

— Սկզբնական շրջանում, երբ դեռ նոր էի ծանոթանում կերպարիս հետ, բավականին շատ նմանություններ գտա։ Բայց հետո․․․ կերպարս սկսեց իրեն մի քիչ «վատ» պահել Ալենի (դերակատարը՝ Հայկ Հովհաննիսյան) հանդեպ, ես նման բաներ հաստատ չէի անի։ Կարծում եմ՝ մասամբ եմ նման հերոսուհուս, չնայած որ մինչ այդ վստահ ասում էի, որ շատ նման ենք․ երկուսս էլ բռնկուն ենք, ազատության ձգտող, երազկոտ։

— Հեռուստադիտողը գրեթե միշտ սերիալային զույգերին իրական կյանքում էլ է իրար հետ կապում ինչպիսի՞ հարաբերություններ ունեք դուք և Հայկը։

— Ճիշտ եք, բոլորը պատկերացնում են, որ էկրանային զույգերը պետք է նաև իրական կյանքում միասին լինեն, բայց ես և Հայկը ուղղակի շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք։ Շատ-շատ սիրում եմ Հայկին, կարծում եմ, որ նա ունի շատ հետաքրքիր հումորի զգացում ու նրա հետ նկարահանումներին երբեք չեմ ձանձրանում։ Հավանում եմ նաև նրա մարդ տեսակը։

— Թատրոնն եք նախընտրում, թե հեռուստատեսությունը և ինչո՞ւ։

— Նախընտրում եմ թատրոնը։ Միշտ ասել եմ ու կասեմ, որ ինձ համար առաջնայինը թատրոնն է։ Ես սիրում և ապրում եմ թատրոնով, որովհետև թատրոնը այստեղ և հիմա է։ Իսկ սերիալում կամ կինոյում նույնիսկ սխալ տեղում կանգնելու վախն արդեն իսկ ստիպում է լարվել, մտածել ամենաչնչին մանրուքների մասին։ Իսկ թատրոնում նման բաներ չկան, դու գիտես ու ճանաչում ես քո բեմը, հետևաբար քեզ ավելի ազատ ու հանգիստ ես զգում։

— Ինչպե՞ս եք վերաբերվում բաց տեսարաններում նկարահանվելուն։

— Գիտեք՝ բաց տեսարանները ինձ համար մի քիչ հարաբերական են։ Որովհետև պիտի հասկանաս, թե դիմացինդ քեզնից ինչ է պահանջելու, երբ կասի, որ պիտի նկարահանվես բաց տեսարաններում։ Ես կողմ եմ պրոֆեսիոնալիզմին, և դա չի նշանակում, որ կարելի է ցանկացած պահի ու ցանկացած տեղում նկարահանվել։ Ամենակարևորը պետք է մասնագետն իր գործի վարպետը լինի, և միայն այդ դեպքում ես կտամ իմ համաձայնությունը։ Ես վերջերս նկարահանվել եմ Իննա Խոջամիրյանի ապրանքանիշի համար։ Եվ կարծում եմ՝ բոլորի համար մի քիչ շոկային էր ինձ այդպիսին տեսնելը։ Բայց չեմ ափսոսում, շատ էսթետիկ ֆոտոներ ենք ստացել։ Շնորհակալ եմ Իննային, մենք նաև շատ հետաքրքիր աշխատանք ենք ունեցել լուսանկարչի՝ Հրաչի հետ։ Ես կողմ եմ, որ դերասանը մաքսիմալ ադեկվատ լինի և իր գործին լուրջ մոտենա։

— Ինչպե՞ս է Ձեր ընտանիքը ընդունում Ձեր մասնագիտությունը աջակցո՞ւմ են, թե՞ խոչընդոտում։

— Սկզբնական շրջանում մի քիչ խոչընդոտներ եղան ընտանիքիս հետ կապված, որովհետև մայրս էլ, քույրս էլ դերասանուհիներ են, ու պապան գժվել էր, ասում էր՝ դե հերիք է, ինչքա՞ն կարելի է, ընտանիքում քանի՞ դերասան պետք է լինի)) Բայց դե, այն, ինչը ի սկզբանե իմն էր, ոչ ընտանիքը, ոչ սիրած մարդը և ոչ էլ ընկերները չեն կարող դրա իրականացման հարցում խոչընդոտ հանդիսանալ։

— Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին, որոնք ամենայն հավանականությամբ շատ են։

— Քննադատությունների մեծ ալիք բարձրացավ վերոնշյալ ֆոտոշարքից հետո, բայց իրականում դա ինձ չի անհանգստացրել։ Ես չեմ ապրում այդ մարդկանց կյանքով և ցանկանում եմ, որ իրենք էլ ապրեն իրենց կյանքով ու ունենան իրենց հետաքրքրությունները։ Ինձ հետաքրքրում է հարազատներիս կարծիքը, ինչ-որ տեղ՝ նաև ընկերներիս, ես քննարկում եմ նրանց հետ, փորձում ենք միասին հասկանալ, թե որն է ճիշտը, բայց վերջնական որոշումն ինքս եմ կայացնում։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե միամսյակի ընթացքում դերասանուհին ստացե՞լ է արտասովոր և հիշարժան նվերներ, ինչին ի պատասխան Վիկտորյան հումորով նշեց, որ քանզի ինքը չունի ընկեր, ինչն անմիջական կապ ունի նվերներ ստանալու հետ, այդ իսկ պատճառով էլ չի կարողանում ինչ-որ արտասովոր բան հիշել։

Վիկտորյան խոսեց նաև կանացի երջանկության մասին՝ ասելով, որ կապ չունի՝ դա կանացի երջանկությունն է, թե պարզապես երջանկություն, այն ուղղակի ինքնաբավ լինելու մեջ է։

Դերասանուհին նաև փորձեց ներկայացնել իր տղամարդու իդեալին․ «Ես երևի շատ պահանջկոտ կթվամ, եթե ասեմ, որ տղամարդը պիտի սիրի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ։ Երբեք չկաշկանդի ինձ, կոմպլեքներ չառաջացնի իմ մեջ, երբեք չփորձի ինձ հեռու պահել իմ ընկերներից կամ աշխատանքից։ Եթե այս ամենը լինի, ուրեմն ամեն ինչ ուղղակի հոյակապ կլինի»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ