Victoria’s Secret-ի մոդելը հոսպիտալացվել է կորոնավիրուսով

Victoria’s Secret-ի 30-ամյա բրիտանացի մոդել Ալեքսինա Գրեհեմը հայտնել է, որ հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտորոշմամբ: Իր Ինստագրամում նա հրապարակել է մի նկար, որում նա դիմակով պառկած է հիվանդանոցային մահճակալին և կից պատմել է իր վիճակի մասին:

«Առաջին օրը ես փսխեցի և լուծ ունեցա: Ջերմություն կար, և հետո, երբ այն իջավ, ինձ մոտ ուժեղ դող սկսվեց: Գլուխս պտտվում էր, շնչելը դժվար էր: Ես կորցրեցի լիարժեք նախադասություններով ճիշտ խոսելու ունակությունը, թոքերս պարզապես թույլ չէին տալիս ինձ դա անել, ես չէի կարողանում ինքնուրույն լվացվել, ինձ օգնություն էր անհրաժեշտ, որպեսզի կարողանայի անկողնուց վեր կենալ, ուտելը ցավոտ էր»,- կիսվել է մոդելը։

Մոդելը կոչ է արել իր հետևորդներին կատարել իշխանությունների բոլոր պահանջները և մնալ տանը:

«Որոշ մարդիկ դեռևս դա լուրջ չեն ընդունում: Նրանք շարունակում են հավաքվել և երեկույթներ կազմակերպել: Խնդրում եմ, տանը մնացեք մենակ կամ նրանց հետ, ում հետ ապրում եք»,- գրել է նա:

Գրեհեմը ավելացրել է, որ սկզբում նա կարծում էր, թե թունավորվել է, այնուամենայնիվ, առաջին ախտանիշներից հետո, նա որոշել է մեկուսացնել իրեն. նրա մասին հոգ է տարել կրտսեր քույրը: Իսկ հետո նա գնացել է հիվանդանոց: Հիմա, ըստ մոդելի, նա իրեն շատ ավելի լավ է զգում: