«Հիշում եմ, որ շամպայնը թափվեց գետնին ու մեկ էլ․․․»․Ռիփփին՝ նոր տեսահոլովակի, կարանտինի և ապագա ծրագրերի մասին

Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ  և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է:
Հայկական շոու-բիզնեսի մի մասը խորհրդավոր լռում է, մի մասը թեմային համահունչ լինելու  համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում, մյուսներն էլ ակտիվ շարունակում են աշխատել և ուրախացնել իրենց երկրպագուներին նորություններով։
Երգչուհի Ռիփփին երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Քո օրն է» երգի հիման վրա։ Երաժշտության և խոսքերի հեղինակը հենց Ռիփփին է։

Տեսահոլովակն ունի մեկ կարևոր առանձնահատկություն․ այն երգչուհու առաջին ռեժիսորական աշխատանքն է։
«Ես ուզում էի գեղեցիկ, գույներով ու լույսով լի տեսահոլովակ, և այս հարցում ինձ շատ օգնեց իմ լավ ընկեր, օպերատոր Գրիգոր Դավթյանը։ Չնայած այն բանին, որ իմ ընկերների մեծ մասը խորհուրդ էր տալիս հետաձգել տեսահոլովակի պերմիերան, ես որոշեցի ներկայացնել այն երկրպագուներիս հենց այսօր՝ ապրիլի 7-ին»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է երգչուհին։

Խոսելով այն մասին, թե ինչը ոգեշնչեց իրեն նոր ստեղծագործությամբ ներկայանալու համար, Ռիփփին ասում է․ «Ես Մոսկվայում ունեի կորպորատիվ միջոցառման հրավեր և մեզ անպայման պետք էր ծննդյան տարեդարձի մասին երգ։ Քանի որ ուրիշ երգեր չէի ցանկանում կատարել, մեկ օրում գրվեց այս երգը։ Երգի հեղինակը ես եմ, գործիքավորումն արեց Գոռ Հակոբյանը»։

Երգչուհին խոստովանում է, որ նկարահանման ընթացքում եղել են նաև զավեշտալի դեպքեր։
«Հիշում եմ, որ շամպայնը թափվեց գետնին, ու ինչ-որ մեկը քիչ էր մնում ընկներ»,- ժպիտով հիշում է նա։

Ռիփփիին՝ որպես դերասանուհի, հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ «Կարգին սերիալ» հումորային հեռուստասերիալում. Գեղեցկուհուն սիթքոմում բաժին էր ընկել բավականին երգիծական դեր, սակայն տարիներ անց Առաջին ալիքով հեռարձակվող «Ժիրայր Գլենց» հեռուստասերիալում մենք նրան տեսանք բոլորովին այլ դերում։ Մեզ հետ զրույցում Ռիփփին անկեղծանում է՝ ասելով, որ մոտակա ժամանակներում չի պատրաստվում նկարահանվել որևէ ֆիլմում կամ հեռուստասերիալում։
«Իրականում այս պահին ես ակտիվ եմ սոցիալական կայքերի իմ էջերում ու շատ-շատ ակտիվանալու եմ երաժշտական ոլորտում, որովհետև այն ինձ համար առաջնային է ու շատ կարևոր։ Դերասանական կարիերաս նույնպես ինձ շատ հարազատ է, որովհետև մասնագիտությամբ հենց դերասանուհի եմ ու աշխատանքս շատ եմ սիրում։ Լինում են տարբեր նախագծերից առաջարկներ, սակայն կհամաձայնվեմ միայն այ դեպքում, եթե լուրջ նախագիծ լինի։ Բայց այս պահին նկարահանվել չեմ ցանկանում, որովհետև դա ինձնից շատ մեծ էներգիա է տանում»,- կիսվում է նա։

Ռիփփին նաև նշում է, որ կարանտինի ընթացքում հետաձգվել է երաժշտական և դերասանական նոր, մեծ նախագիծ, որտեղ ինքը կատարում է առանցքային դերերից մեկը։
«Բավականին մեծ նախագիծ կա, որտեղ ես գլխավոր դերերից մեկն եմ կատարում ,սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվեց կարանտինի պատճառով։ Նախագծում պրոֆեսիոնալ դերասաններ են ընգրկված, կարծում եմ հադիսատեսին այն շատ դուր է գալու»,-կիսվում է Ռիփփին։

Հիմա կարանտինի ըթնացքում Ռիփփին զբաղվում է սպորտով ու աշխատում է իր 2 երգերի վրա։
«Ես չեմ ձանձրանում տանը, երբեք ինքս ինձ հետ մնալուց չեմ ձանձրացել, այլ հակառակը՝ հաճույք եմ ստացել։ Կարդում եմ ազատ ժամանակ, իմ սիրելի սմուզիներն եմ պատրաստում, զբաղվում եմ այն գործերով, որոնք մինչ այդ չէի հասցնում անել»,-պատմում է Ռիփփին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան